Հոկտեմբերի 31-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին իրավապահ ոլորտում երկու երկրների արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և հույս հայտնեց, որ գործակցությունն առաջիկայում ավելի կխորանա ու կընդլայնվի:
Դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզի շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց իրավապահ կառույցների միջև փորձի փոխանակման կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունը շատ բարձր մակարդակի վրա է, ինչը ոստիկանության սրտացավ աշխատանքի արդյունքն է:
Դեսպանը նաև ցավակցություն հայտնեց հուլիսյան ողբերգական դեպքերի ընթացքում ոստիկանության երեք ծառայողների զոհվելու կապակցությամբ և խնդրեց իր վշտակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին:
Վլադիմիր Գասպարյանը ընդգծեց, որ հանցավորության հակազդումն ամենօրյա ու վճռական պայքար է, հաճախ՝ նաև իրավապահների կյանքի գնով, ուստի անհրաժեշտ է ճշգրտել հանրային անվտանգության ապահովման ուղղությունները, իրականացնել անհրաժեշտ փորձի փոխանակում գործընկերների հետ, գտնել գործակցության այն դաշտերը, որտեղ կարելի է հասնել առավելագույն արդյունքների:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: