2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոստովանեց, որ ստիպված է եղել զոհաբերել առաջիկայում ՀՀ քաղաքացիների թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումը.«Ես կարող եմ կարճաժամկետ անել, սակայն իրանց առջեւ ես արդար ու ազնիվ չէի լինի, որովհետեւ եկող տարիներին ես կվտանգեմ տնտեսական աճը, իսկ տնտեսական աճն է ինձ հնարավորություն տալիս, որ ես պերմանենտ իրենց աշխատավարձերը եւ թոշակները բարձրացնեմ: Մեկ տարվա խնդիր լուծելով՝ երկարաժամկետ խնդիրը չլուծելը, կարծում եմ, արդարացի չէ»,- պարզաբանեց նախարարը:
«Ժողովուրդ»-ը նախագծի քննարկումից հետո ֆինանսների նախարարի հետ զրուցեց ՀՀ պետական բյուջեի եկամուտների թերակատարման մասին:
-Պարո՛ն Արամյան, 9 ամիսների արդյունքներով բյուջեի եկամուտները թերակատարվել են 53 միլիարդ դրամով: Ինչպե՞ս կբացատրեք այս հանգամանքը:
-Դա պայմանավորված է տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներով: Ես տարեկան ցուցանիշներով ասեմ. համար առաջինը մենք պետք է հաշվի առնենք, որ անվանական ՀՆԱ-ն ավելի ցածր է լինելու այս տարի եւ արդեն իսկ ավելի ցածր է, քան մենք պլանավորել էինք: Մենք 2016 թվականի համար պլանավորել էինք 2,2 տոկոս իրական աճ եւ 4 տոկոս դեֆիլյատորի մակարդակ, դա նշանակում է 6,2 տոկոս անվանական ՀՆԱ-ի աճ: Տարվա արդյունքներով մենք անվանական ՀՆԱ-ի աճ կունենանք շուրջ 2-2,4 տոկոս, ի՞նչն է տարբերությունը: Իրական ՀՆԱ-ի աճով գրեթե նույնը կլինենք, ինչը ծրագրավորել ենք, իսկ դեֆիլյատորը կլինի գրեթե զրոական: Ինչի է դա հանգեցնում, հանգեցնում է նրան, որ մեզ մոտ անվանական ՀՆԱ-ն մոտ 292 միլարդով ավելի ցածր կլինի, քան թե մենք պլանավորել էինք այս տարի: Հիմա, եթե ուշադրությամբ նայենք՝ արդյո՞ք մենք այդ 300 միլիարդից ավելի պակաս ենք հարկեր հավաքելու, այո՛: Պարզ վարժություն է՝ 20, 7 տոկոսը, եթե այդ ցուցանիշի վրա կիրառենք, կտեսնենք, որ շուրջ 60 միլիարդ մեզ մոտ տնտեսական եւ ցածր գնային պայմանների հաշվին ունենալու ենք ավելի ցածր հարկային եկամուտներ: Կան այլ գործոններ, որ ազդում են. դա ներմուծման կառուցվածքն է: Ներմուծման այն մասնաբաժինը, որից մենք հարկ ենք հավաքում, որը մենք համարում ենք հարկունակ ներմուծում, դա համեմատաբար ավելի փոքր ծավալի է, քան մենք ակնկալում էինք, համեմատ այն ներմուծման, որը հիմնականում գալիս է ԵՏՄ-ից: Այդտեղ էլ կա տնտեսագիտական միտք, որովհետեւ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեւորվեց, եւ ռուսական ռուբլին էլ դոլարի նկատմամբ արժեզրկվեց, ռուսական ապրանքներն ավելի շատ էժանացան համեմատ երրորդ երկրի, իսկ այնտեղից, երբ ներմուծում են կատարում, մենք ավելի քիչ ենք հարկ հավաքում, դա նաեւ հանգեցրել է շուրջ 16 միլիարդի կորուստի: Հիմա այս գործոնները դնում ենք կողք կողքի, տեսնում ենք, որ տարվա արդյունքում մենք, հնարավոր է, մինչեւ 70-80 միլիարդ դրամի թերակատարում ունենանք:
-Ըստ որոշ կանխատեսումների՝ տարեկան թերակատարումը կհասնի անգամ 100 միլիարդ դրամի, կասեք, թե այս պայմաններում ինչպե՞ս եք պատրաստվում բյուջեի ծախսային մասը իրականացնել:
-Բազմիցս նշել եմ՝ եթե ունենում ենք թերակատարում՝ 80 միլիարդի, դրա հակառակ քայլը պետք է լինի, որ թույլ տաս ավելի մեծ պակասորդ, դրա համար մեր պակասորդը լինելու է ոչ թե 190 միլիարդ, այն, ինչ որ մենք ծրագրել էինք, այլ լինելու է շուրջ 280-290 միլիարդ դրամի շրջանակներում:
-Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հնարավո՞ր է, որ փետրվարին աշխատավարձերը կամ թոշակները վճարելու խնդիր առաջանա, եւ, առհասարակ, հնարավո՞ր է՝ կառավարությունը նոր վարկային միջոցներ ձեռք բերի՝ այդ բացը լրացնելու համար:
-Չեմ կարծում: Մենք ունենք պայմանավորվածություններ միջազգային դոնոր ֆինանսական կազմակերպությունների հետ, եւ մեր պարտականությունները ամբողջությամբ կատարել ենք, բնականաբար, դրա արդյունքում մենք պետք է ունենանք բյուջետային օժանդակություն: Բյուջետային օժանդակությունները մինչեւ դեկտեմբեր կստանանք, դա համալրելու է մեր ռեզերվները, որպեսզի 2017 թվական մտնենք առանց խնդրի:
-«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանը ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո «կարգոներին» զգուշացրել է, որ այսուհետ իրենք երկու հարկ չեն վճարելու, ինչպես նախկինում: Բանն այն է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք գործել է հարկման 2 տարբերակ. մեկը վճարվել է պետբյուջե, իսկ մյուսը, այսպես կոչված, «սեւ կասա»: Եւ հիմա «կարգոներին» զգուշացվել է, որ գումարը վճարվելու է միայն պետբյուջե: Ո՞ւր են գնացել «սեւ կասա»-ի գումարները:
-Տեղյակ չեմ, վարչապետը այդ հարցի վերաբերյալ շատ հստակ ասաց, մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ կարգավորենք այդ միջոցները, իսկ ես այդ հարցի հետ կապված կարող եմ ասել, որ մինչեւ հարցին խորապես չտիրապետեմ, որակական գնահատականներ չեմ տա:
-Այսինքն՝ հիմա փորձելու եք հասկանալ, թե «կարգոների» տված գումարը, որ գնացել է «սեւ կասա», կոնկրետ ում կողմից եւ ինչպես է տնօրինվե՞լ:
-Պարտադիր, բայց վարչապետը դրա մասին արձագանքել է, եւ դա նշանակում է, որ բոլոր հանգույցներում՝ կլինի դա կարգոն, կլինի դա մաքսայինը, կլինի դա հարկայինը, կլինի լիցենզավորման գործընթացները, բոլոր ոլորտներում մենք փորձելու ենք հնարավորինս բարձրացնել թափանցիկությունը:
զրուցեց Քնար Մանուկյանը