Մեկնարկեց «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-ին մեկնարկեց «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Չորս օրերի ընթացքում, բազմատարր փառատոնի շրջանակում ֆիլմդիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում, Էօն-ում, Մասս մեդիա կենտրոնում, ՀԲԸՄ-ում, Թումոյում, Ալյանս Ֆրանսեզում, Հոդված 3 ակումբում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում:

Բացման արարողությանը հաջորդել է «Ծովախորշը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Լուի Փսիոյոյի հեղինակած «Ոչնչացման մրցավազք» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը։ Ֆիլմը հավաքել է արտիստների և ակտիվիստների մի խումբ, որպեսզի աշխարհին ցույց տա ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակների և նրանց զանգվածային ոչնչացման մասին պատմող երբևէ չցուցադրված պատկերներ։ Թափանցելով տխրահռչակ սև շուկաներ, թե հետազոտելով մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, «Ոչնչացման մրցավազքը» կոչված է փոխելու մեր աշխարհայացքը:

Նոյեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնի II հարկի նախասրահում բացվել է նաև աշխարհահռչակ լուսանկարիչ և ռեժիսոր Յան Արթյուս-Բերտրանի «Կայուն զարգացում, ինչու՞» ֆոտոցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 14-ը։

Բնապահպանական կարևոր խնդիրների անդրադարձող «Արևորդի» միջազգային փառատոնի այս տարվա ծրագիրն առավել հագեցած է և խորհրդանշական: 2016թ-ին լրանում է «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման և FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Մեկնարկում է նաև նոր՝ «Կանաչ շարժունակություն» նախագիծը:

Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարևոր բնապահպանական խնդիրների։ Փառատոնի ծրագիրը մեկտեղում է վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմերի ցուցադրություն, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա քարոզարշավներ և այլ միջոցառումներ, որոնք կոչված են հանրության տարբեր հատվածներին իրազեկելու բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:

Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվելու են 38 ֆիլմ ամբողջ աշխարհից՝ մրցութային և տեղեկատվական ծրագրերում։

Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նույեմբերի 14-ին, 18։00, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում։ Արարողությանը կհաջորդի Գրահամ Թովնսլիի հեղինակած «Աղբանոցի մեղեդիներ» ֆիլմի ցուցադրությունը։

Ֆիլմը նոտաներով ներշնչված երազանքի մասին է: Հուզական ու սրտառուչ պատմություն այն մասին, թե ինչպես են թափոններից պատրաստված երաժշտական գործիքները հույս ու արժանապատվություն բերում երեխաներին:

Ֆիլմ «Վերամշակված նվագախմբի»՝ Պարագվայի ետնախորշերում ապրող մի խումբ երեխաների մասին, որոնք նվագում են ամբողջությամբ թափոններից պատրաստված գործիքներով: Սա երաժշտության փոխակերպող ուժն արտացոլող գեղեցիկ պատմություն է, որը նաև բարձրաձայնում է մեր ժամանակների երկու կենսական խնդիրների՝ աղքատության և թափոնային աղտոտվածության մասին:

Փառատոնն իրականացվում է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։

Շնորհակալություն:




Լրահոս