Նախկին զինծառայող 29-ամյա Արկադի Մկրտչյանը ԼՂՀ պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2005 թվականին: Վերջինս 2007-ի մայիսի 3-ին ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի արձակած կրակոցից ստացել է գլխի հրազենային վնասվածք: Արկադին առաջին կարգի զինհաշմանդամ է, ստանում է 91 հազար դրամ թոշակ:
ArmLur.am-ի հետ զրույցում Արկադիի մայրը՝ Սուսաննա Մկրտչյանը պատմեց, որ այս պահին նրանք գտնվում են ֆինանսական ոչ բարվոք վիճակում. «Պատկերացրեք՝ ամեն ինչը ծախել ենք, ոչ մի հնարավորություն, ոչ մի բան չունենք: Նույնիսկ էն ֆինանսական ծախսը չունեմ, որ ես մի հատ սոկ վերցնեմ գնամ իմ երեխու մոտ: Նոր ամուսինս զանգել ա ասում եմ՝ տենամ ումից կարամ 1000 դրամ փող ճարեմ, որ ես գամ քո մոտ»:
Նշենք, որ Արկադի Մկրտչյանն այս պահին գտնվում է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում, բուժման թերապիաններ անցնելու նպատակով:
«Ամուսինս ա պահում: Ես մի քիչ վատառողջ էի, չէի կարող մնալ իր մոտ: Իր մի կողմը լրիվ թույլ է, ու՞մ թողնեմ, որ ես գնամ աշխատեմ: Հիմա շատ ծանր վիճակում ա իմ տղեն, աժդահա, որ տեսնեք կասեք դուք կին արմատ էդքան ո՞նց եք վերցրել դրել: Գիշերները չի քնում, անընդհատ պետք ա տեղափոխեմ, նստելուց հոգնում ա, կանգնելուց հոգնում ա»,-ասաց նա:
Սուսաննա Մկրտչյանի խոսքով՝ այս իննը տարվա մեջ ոչ -ոք ձեռք չի մեկնել իրենց դժվարին հոգսը թեթևացնելու համար. «Ում, որ դիմել եմ, ասել եմ` նեղն եմ, ոչ մեկը չի արձագանքել… բոլոր սեփականության հողերը ծախել ենք, ոչ մի հող չունենք: Էնքան վարկեր ենք վեկալել, որ գոնե բուժման ծախսերը հոգանք, մասաժների տանենք, մենք՝ մեր ուժերով»:
Արցախում վիրավորված Արկադիի ընտանիքը ձմռան շեմին անգամ վառելիք չունի, այս մասին խորը վշտով հայտնեց Սուսաննան. «Ես չկարանա՞մ հիվանդանոց գնամ իմ էրեխուն տենամ»:
Ըստ նրա՝ այս ինը տարվա մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը Մկրտչյանների ընտանիքին մեկ անգամ 10.000 դրամ է տրամադրել. «Մեկ անգամ էլ դիմել եմ 100 հազար դրամ են տվել: Չգիտեմ էտ ո՞նց ստացվավ»:
Այնուամենայնիվ, նկատենք, որ մինչ հազար դրամների համար բուռն քննարկումներ են անցկացվում, այս ընտանիքը կանգնած է լուրջ խնդիրների առջև, և անգամ «Հազար» դրամ չկա, որպեսզի մայրն այցելի իր որդուն: Հիմա հարց եմ տալիս Ձեզ , ո՞վ պետք է զբաղվի այս զինվորի, այս ընտանիքի հոգսերով: Չէ, ո՞ր նա էլ էր ժամանակին զինվոր:
Լիդա Եղիազարյան
Լուսանկարը` shamshyan.com-ի