Սերժ Սարգսյանը հայտնել է հայ-թուրքական սահմանի բացման պայմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ և բացառիկ հարցազրույց տվել:

Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երեւանի եւ Անկարայի փոխադարձ ցանկությամբ։ Այս մասին վերոհիշյալ հարցազրույցում նշել է Սերժ Սարգսյանը: «Ես միշտ ասում եմ, եւ սա միգուցե արդեն հայտնի օրինակ է, որ ցանկացած հարսանիք ու ընտանիքի ստեղծում երկուսի համաձայնությունն է պահանջում։ Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50 տոկոսով լուծված է, դա այդ դեպքը չէ։ Մեզնից այս պլանում ոչինչ կախված չէ»,– ասել է ՀՀ նախագահը՝ «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

Նախագահը նաև ասել է. «Ուզում եմ, որ թուրք երիտասարդները հասկանան, որ իրենք մեղավոր չեն, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել։ Որովհետեւ իրոք, ո՞րն է ժամանակակից թուրք երիտասարդության մեղքը, հասկանում եք»:

Սարգսյանի խոսքով՝ մինչեւ 2009 թվականը անգամ որոշ բարեկամ երկրներ ասում էին, որ մենք ցեղասպանության բարդույթ ունենք, որ մենք ուղղակի չենք ուզում թուրքերի հետ որեւէ հարաբերություն ունենալ, մինչեւ նրանք չճանաչեն Ցեղասպանությունը։

«Բայց մենք գնացինք այդ քայլին։ Դուք հասկանում եք այն ժամանակվա իմ վիճակը, երբ ես շրջեցի գրեթե ամբողջ աշխարհով, հանդիպեցի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Իսկ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ ցույցի էին դուրս եկել այդ երկրների հազարավոր հայ քաղաքացիներ եւ պահանջում էին չստորագրել այդ արձանագրությունները։ Ես աշխատում էի, համոզում էի, խնդրում էի»,– ասել է Սարգսյանը։

«Արդյունքում ստորագրեցինք, նրանք իրենց պարտականությունները չեն կատարում։ Ի՞նչ անել հետո։ Շարժվել նրանց ուզածով եւ ասել. «Այո, եկեք անվտանգության գոտին տանք Ադրբեջանին, իսկ Թուրքիան կբացի սահմա՞նը»։ Եվ ի՞նչ հետո։ 3 ամսից, մեկ տարուց,  մեկուկես տարուց ինչ–որ հակամարտություն կլինի, եւ սահմանը նորից կփակվի։ Դա մեզնից կախված չէ»,– ասել է ՀՀ նախագահը։ Սարգսյանի խոսքով՝ դեռեւս 2008-ին Հայաստանը Թուրքիային առաջարկել էր հրապարակել բանակցային գործընթացը, իսկ արդեն 2009–ին կողմերը ստորագրեցին 2 արձանագրությունները։




Լրահոս