Այսուհետ ՌԴ-ն կարող է ծաղկեցնել իր զենքի բիզնեսը՝ առանց այդ մասին ավելորդ տեղեկատվության. Պուտինի ստորագրած հրամանագրի մտահոգիչ կողմերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վ. Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել «Պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության մասին ՌԴ նախագահի 1995 թ. նոյեմբերի 30-ի հրամանագրում» փոփոխություններ կատարելու մասին: Նոր հրամանագրով այսուհետ պետական գաղտնիք են համարվելու այլ պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության մասին տվյալները: Ասել է թե՝ այսուհետ ՌԴ-ն կարող է ծաղկեցնել իր զենքի բիզնեսը՝ առանց այդ մասին ավելորդ տեղեկատվության: Նշենք, որ միայն 2015 թ-ին ՌԴ-ն 14.5 միլիարդ դոլարի զենք է վաճառել 58 երկրների, որոնցից մի մասի հետ տարբեր գերտերություններ լուրջ խնդիրներ ունեն: Օրինակ՝ Իրանին C-300 համակարգերի վաճառքի հետ կապված տարիներ առաջ բարձրացված միջազգային աղմուկը ստիպեց սառեցնել այդ գործարքը, եւ ՌԴ-ն կարողացավ Իրանին վաճառել այդ համակարգերը միայն անցած տարի՝ միջուկային համաձայնագրի կայացումից հետո: Ռուսաստանը նաեւ մեր տարածաշրջանում զենքի հիմնական մատակարարն է:

Այն վերջին 6 տարիներին շուրջ 5 մլդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին եւ զգալի չափով էլ զենք հատկացրել ՀՀ-ին: Եվ այս հրամանագիրը մեզ համար շատ կարեւոր է հենց այս տեսանկյունից: Թեեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, արձագանքելով այս մասին մեր հարցին, երեկ նշեց. «ՌԴ-ն շատ երկրների է զենք մատակարարում, ու շատ երկրներ կան, որոնց մատակարարումների մասին կուզենա, որ չիմանան, եւ Հայաստանն ու Ադրբեջանը այդտեղ առաջին հերթին չեն»: Այդուհանդերձ նկատենք, որ այս փոփոխությունը շատ հարմար գործիք է դառնում ՌԴ համար՝ ազատվելու հենց Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապված գլխացավանքներից:

Նախ՝ ՀՀ-ում ծավալվող հակառուսական տրամադրությունների մասով: Գաղտնիք չէ, որ դրա հիմնական պատճառը ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն է: Այսուհետ այդ խնդիրը կարելի է լուծված համարել: Եթե չկա զենքի վաճառքի մասին տեղեկատվություն, պետք է որ չլինի նաեւ դժգոհություն: Տեղեկատվության գաղտնիացմամբ լուծվում է նաեւ Ադրբեջանում ծավալվող դժգոհության հարցը: Ի վերջո, Հայաստանին «իսկանդերների» մատակարարումից հետո, հարեւան երկրում իսկական հակառուսական հիստերիա էր, եւ դա եւս չէր կարող չանհանգստացնել Ռուսաստանին: Հիշենք նաեւ չարչրկված 200 մլն դոլարի ռուսական վարկի պատմությունը, որի հետ կապված Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց Մոսկվային՝ պահանջելով կասեցնել այդ համաձայնագիրը:

Մեզ համար ամենամտահոգիչը, սակայն, այն է, որ նոր հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանը հնարավորություն կունենա Ադրբեջանին մատակարարել վերջինիս համար այնքան ցանկալի «իսկանդերները»՝ առանց հարուցելու ՀՀ-ի դժգոհությունը: Մանավանդ որ, ինչպես հիշում ենք, Պուտինը Ս. Սարգսյանի հետ օգոստոսին կայացած ասուլիսում հայտարարել էր, որ Ադրբեջանը շատ ռեսուրսներ՝ ոսկի, նավթ եւ գազ ունեցող երկիր է, եւ կարող է ցանկացած երկրից ցանկացած զենք գնել:




Լրահոս