ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 16-20-ին անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1 միլիոն 340 հազար եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ նախորդ տարվա համեմատ գրանցվել է հանգանակությունների մեկ տոկոս աճ. այս տարվա դրամահավաք-միջոցառումը նաեւ շուրջ 1700 նոր նվիրատու է ներգրավել: Իսկ տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը` «Հեռուստամարաթոն 2016»-ը, կկայանա նոյեմբերի 24-ին:
Համեմատելով նախորդ տարվա հանգանակությունների արդյունքների հետ՝ այսպիսի պատկեր է ստացվում. եթե այս տարի 4-օրյա դրամահավաքի ընթացքում կամավորները զանգահարել են եվրոպաբնակ 46 հազար հայ ընտանիքների եւ կազմակերպությունների՝ հորդորելով սատարել մեր հայրենակիցներին, ապա նախորդ տարի ընտանիքների թիվը եղել է 50 հազար: Ի դեպ, նախորդ տարի միայն Ֆրանսիան դրամահավաքին տրամադրել է 1 միլիոն 205 հազար 569 եվրո, իսկ այս տարի բոլոր մասնակցած երկրները միասին` 1 միլիոն 340 հազար: Եվ թեպետ նախորդ տարվա համեմատ 1 տոկոս աճ է արձանագրվել, այդուհանդերձ, փաստն այն է, որ երկրներն առանձին վերցված այս տարի ավելի քիչ են ներդրում կատարել: Իսկ սա միանշանակ արտացոլում է Հայաստանի իշխանությունների հանդեպ վստահության տարեցտարի մարումը:

 
ՀՀ քննչական կոմիտեն այս տարվա հունվարից քննություն էր վարում «գրանտակերների» դեմ: Իրավապահ մարմիններին դիմել էր հենց գրանտատուն՝ Եվրոպական Միության գրասենյակը, որը ստուգումներ էր իրականացրել եւ հայտնաբերել, որ հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ խոշոր գումար է յուրացվել: «Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ դրամաշնորհները յուրացնելու գործով երկու անձի` Հրայր Գյոնջյանի եւ Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ հայտարարարվել է հետախուզում: Եվ այսպես, ամիսներ անց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հետախուզվողներից Հրայր Գյոնջյանը «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահն է: Նրա գործունեությունը հիմնականում միջազգային ասպարեզում է, եւ դա է պատճառը, որ իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ: Ավելին՝ պարզեցինք` նա տեւական ժամանակ բանակցություններ է վարել հայաստանյան մի շարք պետական կառույցների հետ:

 

 

 

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով նոյեմբերի 1-ին վարչապետ Կարեն Կարապետյանի` զարգացման ռազմավարական ծրագրեր ներկայացնելու հանձնարարականին, հաստատեց մեր այն տեղեկությունը, ըստ որի` մի շարք համայնքների ղեկավարներ այս օրերին վարկեր են ձեւակերպում, որպեսզի մարեն մարզպետարանի պարտքերը: Իսկ խնդիրը պարզեցինք` կապված է այն բանի հետ, որ բնակիչները չեն կարողացել համայնքին վճարել սերմացուի կամ դիզվառելիքի գումարները, եւ ստիպված գյուղապետերն են նրանց փոխարեն վարկ վերցնում. «Մասամբ կա այդ խնդիրը, այդ բնագավառը նույնպես այս ռազմավարական ծրագրի մեջ ընդգրկված է լինելու»,- հավելեց մարզպետը:

 

 
Հայաստանի եւ Վերակառուցման, զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստորագրել «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: Փաստաթղթով ՀՀ-ին կտրամադրվի բյուջետային վարկ` 50 մլն դոլարի չափով: Վարկի գումարի մարման ժամկետը 25 տարի է, իսկ մայր գումարի մարման ժամանակացույցը՝ 2031 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2041 թվականի նոյեմբերի 15-ը: Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը Հայաստանի պետական պարտքը, որը կազմում է 5 մլրդ 606 մլն 800 հազար դոլար, ավելացնում է եւս 50 մլն դոլարով: Նկատենք, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման ավելի քան երկու ամիսների ընթացքում պետական պարտատոմսերի տեղաբաշխմամբ է ավելացրել պետական պարտքի չափը: Իսկ վարկեր ներգրավելու «նորամուտը» կլինի այս ծրագիրը:

 

 
ՌՈՒՄԲԻ ԷՖԵԿՏԸ
Հատկապես ապրիլյան պատերազմից հետո մեզ համար շատ ցավոտ ձեւով պարզվեց, որ սպառազինությունների մրցավազքում հայկական կողմը էապես զիջում է հակառակորդին, ինչի մասին, ի դեպ, հայտարարեց նաեւ Ս. Սարգսյանը՝ նշելով, որ հայկական կողմը կռվում է 80-ական թվականների զենքով: Ամիսներ անց հայտնի դարձավ, որ ՌԴ-ն Հայաստանին է մատակարարել ամենազոր «Իսկանդեր» համակարգեր: Թեեւ իշխանական շրջանակներից եղան հայտարարություններ, թե «Իսկանդերները» հայկական զինուժի տրամադրության տակ էին դեռեւս մինչ ապրիլյան պատերազմը, սակայն դա թերահավատության տեղիք տվեց, քանզի այդ դեպքում գոնե տեղեկատվական արտահոսքերի տեսքով պիտի որ պատերազմական օրերին ասվեր այդ մասին, ինչը, վստահաբար, կունենար զսպիչ ազդեցություն: Մինչդեռ մենք այդ օրերին ազգովի մնացինք Հրանտ Բագրատյանի՝ աբսուրդային թվացող հայտարարության հույսին այն մասին, որ Հայաստանում արդեն իսկ ստեղծված է միջուկային զենք: Եվ եթե ընդունենք իշխանության այն փաստարկը, թե «Իսկանդերների» մասին վաղօրոք հայտարարելը որեւէ ազդեցություն չէր ունենա, քանի որ այդ համակարգերը կիրառելի են միայն լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում, ապա միջուկային զենքի կիրառելիության մասին խոսելն առհասարակ բարդ խնդիր է, սակայն չնայած դրան՝ Բագրատյանի այդ հայտարարությունն ունեցավ ցունամիի ազդեցություն. շաբաթներ շարունակ ադրբեջանական մամուլը քննարկում էր այդ հարցը, իսկ պաշտոնական Բաքուն անգամ դիմեց համապատասխան միջազգային կառույցներ:
Բագրատյանի հայտարարությունից ավելի քան կես տարի անց էլ, պարզվում է, այն չի մոռացվել, ավելին՝ դրան հղում կատարելով՝ ամերիկյան ռազմաքաղաքական national interest հանդեսը հնարավոր է համարել, որ Հայաստանը ստեղծի «ռադիոակտիվ ռումբեր»: «Ազատության» ներկայացմամբ՝ ամերիկյան հանդեսը գրել է. «Հայաստանն արդեն ունի Մեծամորի ատոմակայան՝ միջուկային ոլորտում հմտացած աշխատակազմով, մյուս կողմից էլ, մտահոգիչ մեծ թիվ են կազմում այն հայերի ձերբակալությունները, որոնք փորձում են երկրից ապօրինի ուրան արտահանել: Եվ որ ամենակարեւորն է՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ապրիլին հայտարարեց, թե Հայաստանն արդեն միջուկային զենք ունի, կամ պետք է ստեղծի: Ի վերջո, հնարավոր է, որ Հայաստանը, ցանկության դեպքում, ստեղծի ռադիոակտիվ, այսպես կոչված՝ կեղտոտ ռումբեր: Եվ ունենալով արդեն «Իսկանդեր» համալիր՝ թիրախի տակ առնի ցանկացած կետ Ադրբեջանի խորքում»: Արդյոք նմանատիպ հրապարակումներով հայկական կողմի համար ավելի մեծ գլխացավանք է ստեղծվում, թե հակառակորդին վախեցնելու հնարավորություն, դժվար է ասել: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով է հոդվածում նշվածը իրատեսական: Համենայն դեպս, այս խնդրի շուրջ ինչպես համապատասխան միջազգային կառույցների արձագանքը, այնպես էլ մեր իշխանությունների լռությունը բավականին խորհրդավոր է:




Լրահոս