Սոֆիայի “Կանանց Միջազգային ակումբ” կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-ին Սոֆիայում տեղի ունեցավ ամենամյա բարեգործական տոնավաճառ, որին մասնակցեցին Բուլղարիայում հավատարմագրված շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչություններ և միջազգային կազմակերպություններ: Տոնավաճառին առանձին տաղավարով մասնակցեց նաև Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը:
Հայկական տաղավարում ներկայացված էին Հայաստանից բերված բազմապիսի հուշանվերներ, քաղցրավենիք, կոնյակի տեսականի, Բուլղարիայի հայազգի ձեռնարկատերերի և անհատների կողմից պատրաստված արտադրանք: Տոնավաճառի կազմակերպման գործում իրենց անմիջական մասնակցությունը ցուցաբերեցին ՀՀ դեսպանությունը, Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը, Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի հայկական համայնքային կազմակերպությունները, բուլղարահայ թեմի առաջնորդարանի ներկայացուցիչները, ինչպես նաև անհատ գործարարներ։
Տոնավաճառի անցկացման վերաբերյալ դեսպան Արմեն Սարգսյանը հարցազրույց տվեց Բուլղարիայի ազգային հեռուստատեսությանը՝ ներկայացնելով հայկական տաղավարը և դրանում ցուցադրվող հայկական արտադրության ապրանքները։
Տոնավաճառի շրջանակներում տեղի ունեցած գալա-համերգին հանդես եկավ նաև Բուլղարիայում հայտնի երգիչ Հայկաշոտ Աղասյանը, ով կատարեց Հայաստանին և Երևանին նվիրված իր հեղինակային երգերը:
Տեղեկանք․ Միջոցառումից ստացված հասույթն այս տարի կուղղվի սիրիացի փախստական երեխաների առողջապահական խնդիրների կարգավորմանն ու ծնողազուրկ երեխաների կրթական ծրագրերի աջակցմանը։