ՄԱՐԶԻ 107 ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ 84-Ն Է, ՈՐ ԳԱԶ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի 107 համայնքներից 24-ը մինչ օրս գազաֆիկացված չեն: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Գազաֆիկացման հետ կապված խնդիրներն առաջ են գալիս հատկապես ձմռան ամիսներին, երբ գյուղական շատ համայնքներ բնակարանները ստիպված են լինում տաքացնել վառելափայտով, աթարով ու էլեկտրաէներգիայով:

Իսկ այն համայնքներում, որոնք անտառամերձ չեն, բնակչությունը վառելափայտը ձեռք է բերում շատ ավելի թանկ գնով, քան անտառամերձ համայնքների բնակիչները: Գյուղական շատ համայնքների բնակիչներ տարբեր առիթներով բարձրաձայնում են՝ գյուղերը լքելու պատճառներից մեկն էլ գազաֆիկացման բացակայությունն է: Համայնքներ էլ կան, որտեղ չնայած գազատար խողովակ է անցկացված, սակայն ոչ մի բնակիչ մինչ օրս չի կարողանում օգտվել երկնագույն վառելիքից, քանի որ գազատարից մինչեւ բնակարաններ խողովակ տանելը մեծ ծախսերի հետ է կապված:
Մարզի Ազնվաձոր համայնքը շուրջ 400 բնակիչ ունի: Գյուղը գտնվում է Վանաձորի հարեւանությամբ՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի վերին հատվածում: Բազում գյուղը գազաֆիկացված է, իսկ ահա Ազնվաձորը՝ ոչ: Բազումից մինչեւ Ազնվաձոր գազատարի անցկացումը մի քանի կմ խողովակաշարի հետ է կապված, որը տարիներ շարունակ հնարավոր չի լինում իրականացնել, չնայած որ բնակչության 90 տոկոսից ավելին պատրաստակամ է դառնալ կապույտ վառելիքի բաժանորդ:
Լոռու մարզի Անտառաշեն համայնքն էլ գազաֆիկացված է, սակայն այդ խնդիրը լուծում է ստացել ծնունդով անտառաշենցի մեծահարուստ մեկի կողմից, ով էլ իր համար գազագիծ է անցկացնելու եւ բնակարանը գազով ապահովելու համար գազատար խողովակը գյուղ է հասցրել:
Արջուտ գյուղն էլ չնայած ապահովված է կապույտ վառելիքով, սակայն բնակչության մոտ 30 տոկոսն է բաժանորդ դարձել:
Տրանսպորտի բացակայությունը՝ երիտասարդության
արտագաղթի պատճառ
Գազամատակարարման խնդիրը թերեւս միակը չէ Լոռու մարզի համայնքներում: Լուրջ խնդիր է նաեւ տրանսպորտի բացակայությունը՝ գյուղից շրջկենտրոն կամ գոնե մարզկենտրոն Վանաձոր հասնելու համար: Մարզում կանոնավոր ուղեւորափոխադրումներ չեն իրականացվում 6 համայնքում՝ Ձորագյուղ, Ծաղկաշատ, Հովնանաձոր, Քարաբերդ, Կաճաճկուտ եւ Դաշտադեմ գյուղերում:
Սրանք, թերեւս, այն համայնքներն են, որոնք զրկված են բառացիորեն ամեն ինչից: Հովնանաձորում ո՛չ գազաֆիկացում կա, ո՛չ էլ խմելու ջրագծի ներքին ցանց: Գյուղի տներից միայն մի քանիսն է, որ ջրի ծորակ ունի, մյուսներն օգտվում են ակունքներից բխող ինքնահոս ջրերից: Շուրջ 100 բնակիչ ունեցող Հովնանաձորում բացակայում է նաեւ ոռոգման ջուրը, ինչի հետեւանքով հողագործությունը գտնվում է կաթվածահար վիճակում:
Տաշիրի տարածաշրջանի Դաշտադեմ համայնքում եւս տրանսպորտ չի գործում: Անմխիթար ու խրամատներ հիշեցնող գյուղամիջյան ճանապարհների պատճառով շատ անգամ նույնիսկ տաքսիներն են հրաժարվում գյուղ հասնել: Մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Արայիկ Գեւորգյանի խոսքով՝ մարզի այդ համայնքներում կանոնավոր տրանսպորտ չի գործում տարբեր պատճառներով՝ սկսած տարբեր ընկերությունների՝ մրցույթներին մասնակցելու ցանկության բացակայությունից, քանի որ եկամտաբեր բիզնես չէ, վերջացրած անբարեկարգ ճանապարհներից: Բաժնի պետի փոխանցմամբ՝ կանոնավոր երթուղիներից զրկված այս 6 համայնքներից բացի՝ մեծաթիվ են նաեւ համայնքները, որոնք օգտվում են հարակից համայնքների ավտոբուսներից՝ ստիպված լինելով մի քանի կիլոմետր ոտքով քայլելով հասնել մինչեւ գլխավոր մայրուղի կամ հարեւան համայնք:
Համայնքներ էլ կան, որտեղ ավտոբուսն աշխատում է շաբաթվա մեջ 3 օր միայն, ինչն, իհարկե, կրկին դժգոհությունների առիթ է բնակչության շրջանում: Ընդգծենք, որ հատկապես ուսանողության համար տրանսպորտի բացակայությունը թերեւս գյուղը լքելու ամենամեծ պատճառներից մեկն է: Գրեթե նույն պատկերն է նաեւ մյուս համայնքներում՝ ջրի, գազամատակարարման, խանութի ու բուժկետի բացակայություն: Այս բոլոր խնդիրների պատճառով Լոռու գյուղերը մաս-մաս դատարկվում են, որովհետեւ, ըստ բնակիչների, գյուղում ապրելը ժամանակի հետ ավելի ու ավելի անհնար է դառնում:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ 24 համայնքների չգազաֆիկացնելը կապված է բաժանորդների նվազ քանակի հետ: Ըստ պաշտոնյայի՝ գազաֆիկացումն իրականացվում է ինչպես գազի գրասենյակի, այնպես էլ հրատապ ծրագրերով ու այլ դրամաշնորհներով. «Նշված համայնքներում պարզապես բաժանորդների թիվն է քիչ: Մենք համայնքներում ենք, որտեղ գազաֆիկացումը կա, բայց մի քանի ընտանիք է միայն բաժանորդ դարձել: Բնակչությունը պատճառաբանում է, թե ի վիճակի չէ վճարել միացման գումարը»,- ասաց Ջանազյանը:
Անդրադառնալով տրանսպորտի բացակայության խնդրին՝ վարչության պետը հայտնեց, որ նշված համայնքներում տրանսպորտ աշխատեցնելը եկամտաբեր չէ: Առաջիկա տարիներին այդ 6 համայնքներում այդպես էլ կանոնավոր ուղեւորափոխադրումներ չեն իրականացվի: Ահա թե ինչպես են իրականություն դառնում Սերժ Սարգսյանի կողմից հասարակությանը տված բարեկեցիկ ապրելու խոստումները:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 
ԾԽԱԽՈՏ ՉՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Միխայիլ Նովրուզի Պապիյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն ծխախոտ չտրամադրելու պատճառով զորամասի շարահրապարակում, վաշտի անձնակազմի ներկայությամբ սեռական հայհոյանքներ է հնչեցրել նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բալասանյանի հասցեին՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը: Բացի այդ, նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, Միխայիլ Պապիյանցը ինքնակամ թողել է զորամասը եւ միայն մայիսի 30-ին՝ ժամը 08:55-ին, ինքնակամ ներկայացել ՀՀ ՊՆ Արմավիրի ռազմական ոստիկանության բաժին: Մ. Պապիյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 360 հոդվածի 1-ին մասով (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից) եւ 361 հոդվածի 1-ին մասով (Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տեւողությամբ, ինչպես նաեւ երեք ամսվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մեկ ժամից մինչեւ երեք օր տեւողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Սույն քրգործով մեղադրանքը դատարանում պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

 

 

ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Նոյեմբերի 7-ին Վանաձորի մի խումբ մտավորականներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ «Հայփոստի» Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էդվարդ Խլղաթյանի եւ նրա հանգուցյալ եղբոր նախկին կնոջ՝ Էլեոնորա Ամիրբեկյանի միջեւ իրավական ոլորտում ընթացող մի վեճի կապակցությամբ, որը քննվել է Վանաձորի եւ հանրապետության այլ քննչական ու դատական ատյաններում: Ըստ դատախազին հասցեագրված դիմումի՝ այն վերաբերում է քաղաքացու կողմից Է. Խլղաթյանի կառուցած տանը «ապօրինաբար, առանց հիմնավոր ապացույցների տեր կանգնելուն»: Դիմումատուները բողոքել են Տավուշի մարզի ավագ քննիչ Վասիլ Սարգսյանի ու Տավուշի մարզի քննչական կոմիտեի պետ Աննա Մանթաշյանի դեմ: Աննա Մանթաշյանին հարցրինք տվյալ խնդրի մասին: Նա ասաց, որ դա շատ հին գործ է, այն ժամանակ ինքը եղել է Տավուշի մարզի դատախազ, գործը բացարկի պատճառով եկել է Տավուշի մարզի դատախազություն, այն կարճվել է, սակայն դատարանի որոշմամբ գործի քննությունը վերսկսվել է: Ա. Մանթաշյանը նշեց, որ այդ գործի հետ ինքը կապ չունի, չի հասկանում, թե ինչու են դիմումատուները նշել իր անունը: Տավուշի մարզային քննչական վարչության պետի խոսքերով՝ նշված գործը քաղաքացիաիրավական վեճ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս