«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը արձանագրվել է արտակարգ միջադեպ։ Ժամը 02.45-ի սահմաններում, ԼՂՀ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996 թվականին ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը։
Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը մեզ հետ զրույցում մանրամասներ հաղորդեց մահացած զինծառայողի ընտանիքի մասին. «Սոցիալական շատ ծանր վիճակում ապրող ընտանիք է, 1993 թվականին տանը վառվել է, տան չունեն։ Էդ մարդիկ անտուն են. մի շինության մեջ տենց հարմարեցված ապրում են։ Ընտանիքի հայրը երրորդ կարգի հաշմանդամ է։ Ընտանիքի մյուս որդին Ռուսաստան է գնացել աշխատանքի բանվորության է անում»։
Դեպքի մասին փոխգնդապետը մանրամասներ չհաղորդեց՝ ասելով, որ տեղյակ չէ։ Մահացած զինծառայողի ընտանիքը երեկ ցերեկվա դրությամբ դեռ չգիտեր դեպքի մասին։ Ավելի ուշ պաշտոնապես հաղորդվեց, որ 20-ամյա Պոստոկոլյանը ծառայողական նպատակով իրեն տրամադրված նռնակը նետել է գետնատնակի մուտքի ուղղությամբ, որի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել հերթափոխի հանգստացող ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Հայկի Տերտերյանը, որից հետո իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր ծնոտի շրջանում և ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է։ Տերտերյանը տեղափոխվել է զինհոսպիտալ. նրա կյանքին վտանգ չի սպառնամ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։