«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ Անդրանիկ Մինասյանի շուրջ աղմուկ է հասունանում: Բանն այն է, որ սույն պաշտոնյան մի քանի ամիս առաջ սեփական դիմումի համաձայն լքել էր ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը` նախընտրելով «Տաթեւի ճոպանուղում» անվտանգության պետի պաշտոնը: Դիմում գրելու ժամանակ ոստիկանը հայտարարել էր, թե համակարգում կոպեկներ է ստանում, դրա համար գնում է ավելի արժանապատիվ աշխատանքի: Սակայն ամիսներ անց նրան հեռացրել են «Տաթեւից»:
Եւ ահա համակարգը լքած ոստիկանը կրկին վերադարձել է` նշանակվելով արդեն ավելի բարձր պաշտոնի` Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ: Սա հարուցել է սյունեցի շատ ոստիկանների զայրույթը, որոնք պատրաստվում են հեռանալու զեկուցագիր ներկայացնել: Սակայն Անդրանիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, թե. «Իմ անվան հետ կապված այս պահին ոստիկանությունում որեւէ խնդիր չկա»: