Վահան Մարտիրոսյանն ընդունել է չինական «GSAFETY» ընկերության ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 15-ին ընդունեց Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը` ընկերության կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունի գլխավորությամբ:

«Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտը բազմապրոֆիլ գիտահետազոտական կազմակերպություն է, որի մասնագետների գիտատեխնիկական ձեռքբերումները ներդրվում են արդյունաբերության տարբեր ոլորտներում: Իսկ «GSAFETY» ընկերությունը, աշխատելով պետական բազմաբնույթ նախագծերի վրա, մասնագիտացված է ծրագրային համակարգերի մշակմամբ, որոնք կիրառվում են հանրային անվտանգության տարբեր ոլորտներում:

Նախարարը ողջունեց հյուրերին և հետագա արդյունավետ համագործակցության հույս հայտնեց` նկատի ունենալով Չինաստանի կառավարության և մասնավոր հատվածի հետ գործակցության հաջող փորձը:

Հաշվի առնելով «GSAFETY» ընկերության փորձառությունը տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման գործում, քննարկվեց հնարավոր համագործակցությունը «Խելացի քաղաք» նախագծի մշակման և այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու գործընթացում:

Սյուե Հայլունը, ներկայացնելով ընկերության գործունեության ուղղությունները, առաջարկեց գործակցություն նաև հանրային տրանսպորտի կառավարման և երթևեկության անվտանգությանը վերաբերող համակարգերի ներդրման գործում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքի շուրջ բանակցությունները շարունակել համապատասխան մասնագետների ներգրավմամբ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս