ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռերի» կողմից զենքով գրավվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը, երկրում շատ բան փոխվեց: Պարզվեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ հատկապես ՀՀ ոստիկանությունը ուղղակի իրենց տեղում չեն: Ու այս գործելաոճը նոր բան չէ: Ողջ 2016 թվականի ընթացքում Հայաստանում գրեթե բոլոր տեսակի հանցագործությունների ցուցանիշներն աճել են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ շեշտակի աճել է նաեւ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քանակը. այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2284, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 880 դեպք: Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների քանակը այս տարվա հունվար-հոկտեմբերին 2047 է, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում 605 է եղել:
Հիշեցնենք` «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ ոստիկանությունը պարտավոր է նախականխել, կանխել եւ խափանել հանցագործությունները: Այլ ոչ թե կատարված հանցանքների հետեւից գնալ, նկարահանել, շոու բեմադրել, թե բացահայտում է արել:
Իսկ ինչո՞ւ է աճել հանցագործությունների թիվը: Ըստ մասնագետների՝ այդ աճն ուղիղ կապ ունի երկրի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի հետ, եւ որքան կառավարման համակարգում ճգնաժամը խորանում է, այնքան հանցավորությունն աճում է: Սակայն զինված խմբի կողմից զենքով գրաված պարեկապահակային ծառայության գնդում 6 օր որպես պատանդ պահված ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արձանագրված պատկերը լավատեսորեն մեկնաբանեց. «Զարգանում է հասարակությունը, կան երեւույթներ, կան դեպքեր, եւ ամենակարեւորն այն է, որ մենք երբեւիցե չենք թաքցնում հանցագործությունները, եւ հենց դա է հիմնական պատճառը, որ այդ աճը կա: Դա էլ է տատանողական»: Բա որ էլի հակառակ տատանվե՞ց:

 

 

 
Խնդրելով, համոզելով, տարբեր զվարճանքի վայրերից ՀՀ ԱԺ պատգամավորներին խորհրդարան բերելով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը վերջապես հաջողվեց քվեարկության դնել «2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Այն անցավ 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նկատենք, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը գերազանցեց բոլոր սպասելիքները` ստվերում թողնելով իր նախորդների` Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի կառավարությունների ներկայացրած բյուջեի նախագծերի քվեարկության ցուցանիշները: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի ներկայացրած «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն անցել էր 81 կողմ, 5 դեմ եւ 2 ձեռնպահ, իսկ Հովիկ Աբրահամյանի` «2015 թվականի բյուջեի նախագիծը» խորհրդարանն ընդունել էր 71 կողմ, 46 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Թվերն, իհարկե, խոսուն են, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ նախագծի հաստափոր հատորները օրենսդիրի շատ ներկայացուցիչների կողմից օրեր շարունակ պարզապես անտեսվել են: Չեն էլ կարդացել:

 

 

 
Օպտիմալացման ծրագրի շրջանակներում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` աճուրդի հանված «Mercedes» մակնիշի զրահապատ ծառայողական մեքենան, կարծես, հավանական գնորդ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, խոսելով թանգարանային նմուշ հանդիսացող մեքենան գնելու մասին, չբացառեց, որ այդ երջանիկը գուցե լինի ինքը. «Դե, ուրեմն, կհայտնվի մեկը, ով բարձր կգնահատի, կգնի, կվերանորոգի եւ կդառնա թանգարանային նմուշի տեր: Ես շատ ուրախ կլինեմ: Ազնվորեն չգիտեի: Գուցե ես էլ մտածեմ գնելու մասին»,- կես կատակ-կես լուրջ ասաց նախարարը: Արմեն Ամիրյանը, փաստորեն, տեղյակ չէր առաջին նախագահի ծառայողական մեքենան աճուրդի հանելու մասին: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դեռեւս նախնական գին չի սահմանել զրահապատ այդ մեքենայի համար, բայց այն արդեն մի քանի օր է՝ հայտնվել է մետաղյա ջարդոնների կողքին:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 7-ի նիստում թույլատրել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը գրավադրել Որոտանի ՀԷԿ-երի համալիրի Շամբիի, Սպանդարյանի եւ Տաթեւի ՀԷԿ-երը: Եվ սա այն դեպքում, երբ 2014-ի հունվարին «Որոտան ՀԷԿ»-ը վաճառվում էր, պատճառաբանվեց, թե ընկերությունը երկրի պետբյուջե լրացուցիչ եկամուտ պետք է բերի: Ի՞նչ օգուտ քաղեց սրանից պետությունը, ո՞րն էր պետական շահը: «Որոտան ՀԷԿ»-ի վաճառքից առաջացած 180 մլն դոլարն ուղղվելու է ոչ թե ՀՀ պետական բյուջե, այլ ՀԷԿ-ի հաշվեհամարին, քանի որ այսպես ավելի հեշտ է միլիոնները գրպանել: Ստացվում է, որ ինչ-որ մարդիկ, առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձան «Որոտան ՀԷԿ»-ի սեփականատերը: Իսկ թե ով կամ ովքեր կարող էին Հայաստանում պետական լծակներն այդքան բացահայտ օգտագործել ի շահ իրենց եւ նման գործարք իրականացնել, դժվար չէ կռահել:

 

 

 
ՉՀԱՆԴԻՊԵԼՈՎ
Համբուրգում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները երեկ այդպես էլ չհանդիպեցին, եւ մինչ ուշ երեկո չկար որեւէ տեղեկություն այն մասին, որ այդ հանդիպումը կարող է կայանալ այսօր: Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի արտգործնախարարները առանձին-առանձին հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, նաեւ ԵԱՀԿ նախագահությունը հանձնող երկրի՝ Գերմանիայի արտգործնախարարի հետ՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով: Արդեն ինքնին այն փաստը, որ անգամ արտգործնախարարների հանդիպումը հնարավոր չի լինում կազմակերպել, խոսում է այն մասին, որ հաջորդ տարվա սկզբում ակնկալվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը զրոյական է դառնում, եթե, իհարկե, այս ընթացքում չլինեն ֆորսմաժորային զարգացումներ: Իսկ այս անշարժ վիճակը, ցավոք, մեծացնում է նման զարգացումների հավանականությունը: Նկատենք, որ երեկ այս առնչությամբ հնչեցին հետաքրքիր հայտարարություններ: Նախ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալը բոլոր բարդ հակամարտությունների, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է»: Իհարկե, նա հիշատակեց նաեւ մյուս հակամարտությունները, սակայն կոնկրետ Ղարաբաղի հիշատակումը բավականին հետաքրքիր էր, առավել եւս, որ կարելի է տարբեր ենթադրություններ անել, թե կոնկրետ երբվա եւ որ պայմանավորվածություններին հավատարմության մասին էր խոսում Լավրովը:
Այս առումով բավականին ուշագրավ էր Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի հայտարարությունը, որը նա արեց Գերմանիայի ԱԳ նախարար Վ. Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: Հիշատակելով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ նա ասաց. «Մենք պետք է այդ հանդիպումներում ձեռք բերած պայմանավորվածություններն անհապաղ վերափոխենք կոնկրետ միջոցների։ Ադրբեջանն ակնկալում է այդ հարցում ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի ակտիվ դերակատարությունը։ Ապրիլյան լարվածությունը ցույց տվեց, որ շփման գծի ներկայիս իրավիճակը վտանգավոր է եւ յուրաքանչյուր պահի կարող է հանգեցնել անսպասելի հետեւանքների»։ Այսպիսով՝ Մամեդյարովը շանտաժային հռետորաբանություն է բանեցնում՝ պատերազմի վերսկսման նախազգուշացմանը զուգահեռ՝ վերստին շեշտելով «Հակամարտության հետեւանքների փուլային վերացումը, այդ թվում նաեւ հայկական զորքերի դուրս բերումը, տարածաշրջանային, տրանսպորտային ու հաղորդակցային գծերի վերականգնումը, հարկադիր վերաբնակների վերադարձը» եւ այլն:
Եվ հիմա հարց է առաջանում. արդյո՞ք Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում առհասարակ եղել են կողմերի միջեւ պայմանավորվածություններ: Համենայն դեպս, միջնորդները կարծես առանձնապես չեն նեղվում այդ պայմանավորվածություններից հետ կանգնելու՝ Ադրբեջանի վարքագծից:




Լրահոս