Սերժ Սարգսյանն ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Էֆ Էլ Սմիթ Ռուսաստան» ընկերության շուկայի զարգացման գծով մենեջեր Պիտեր Դեյվիսը և «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը:

Նախագահը բարձր է գնահատել հայաստանյան շուկայում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ոլորտի լավագույն ձեռնարկություններից մեկի՝ «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գլխավորած հանքարդյունաբերական ձեռնարկության գործունեությունը, որի հետ Հայաստանի համագործակցությունը տարիների պատմություն ունի և իր նպաստն է բերում երկրի տնտեսական աճին:

Եկող տարեսկզբին իր գործունեության 135-ամյակը նշող «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրենը դրվատանքով է խոսել Հայաստանում իր հիմնական գործընկերոջ՝ «Վալլեքս գրուպ» ընկերության հետ ավելի քան 10 տարվա արդյունավետ համագործակցության մասին, ընդգծելով, որ ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող իր գլխավորած ձեռնարկությունը Հայաստանում հաջողությամբ է իրականացնում գործունեությունը ի շնորհիվ նաև աշխատասեր հայ ժողովրդի և որակյալ հայ մասնագետների:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են բնական պաշարների խնամքով և խնայողաբար օգտագործումը բնապահպանական բոլոր պահանջներին համապատասխան՝ ի նպաստ տնտեսության զարգացման և ներկայիս ու ապագա սերունդների բարեկեցության:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Թոմաս Շուլցին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ փոխգործակցության համար:

Հանրապետության Նախագահը Երախտագիտության մեդալ է հանձնել նաև «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանին, որով գործարարը պարգևատրվել էր ավելի վաղ:




Լրահոս