ՀԱՅՐԵՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԿԱՐԳԱՊԱՀ ԵՎ ԱՆԼՈՒՐՋ ՄՈՏԵՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` դեկտեմբերի 13-ին կառավարության առաջարկով ԱԺ-ն գումարեց արտահերթ նստաշրջան, որն ավարտվեց երեկ: Արտահերթի օրակարգում ընդգրկված էին բավական կարեւոր հարցեր` «Գնումների մասին», «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ այլն:

Բայց խորհրդարանի նախընտրական արշավի մեջ գտնվող պատգամավորները էլի սեւեռվեցին աղմկահարույց մեկ-երկու նախագծերի վրա, ելույթներ ունեցան ու շտապեցին իրենց «բանուգործին»: Ու արդյունքում կարեւորագույն մի շարք նախագծեր այդպես էլ մնացին ուշադրությունից դուրս:
Թեեւ մյուս կողմից, հանուն արդարության, պերք է նշել, որ կարեւորագույն նախագծերը ԱԺ-ում ՀՀ կառավարությունը մշտապես բերում է արտահերթ կարգով, գերհագեցած գրաֆիկով, որպեսզի պատգամավորները հնարավորություն չունենան ծանոթանալու, քննարկելու, քննադատելու դրանք: Եւ խորհրդարանական մեծամասնությունը պարզապես «դակում» է նախագծերը` խնդրահարույց օրինագծերը դարձնելով օրենք եւ փաթաթելով մեր ուսերին:
ԱԺ արտահերթ նիստում երեկ նման իրավիճակի ականատես եղանք: Երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում «Գնումների մասին» օրենքի նախագիծը, պարզվեց, որ կային պատգամավորներ, որոնք հավուր պատշաճի տեղեկացված չէին այս նախագծի մասին: Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվեց. «Օրենքների արագ բերելու արդյունքում երբեմն չենք կարողանում տեղեկանալ ամբողջ ինֆորմացիայի մասին: Խնդրում եմ ճշտել: Մամուլում հրապարակվեց, որ այս օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահի, վարչապետի եւ նախագահի վարչական ծախսերը դառնում են պետական գաղտնիք եւ այլեւս չեն լինելու թափանցիկ: Եթե մենք սխալ ենք հասկացել, խնդրում եմ՝ որեւէ մեկը ճշտի, որովհետեւ դրանից կախված է մեր քվեարկությունը»:
«Ես էլ տեղեկություն չունեմ, թերթում եմ կարդացել»,- արձագանքեց ԱԺ նախագահը (հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել այդ մասին): Շտապեց իրավիճակը փրկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա բացատրեց, որ խոսքն արարողակարգային գնումների մասին է, որոնք պետք է փակ իրականացվեն. «Միայն արարողակարգի, որ ռեստորաններում պետք է հաց ուտեն եւ այլն, այդ երեք մարմինների մասով փակ է»,- նշեց նա: Այվազյանը նաեւ դժգոհեց, որ ընդդիմադիրները ծանոթ չեն այս նախագծին՝ հավելելով, որ մեկ ամսից ավել է՝ քննարկումներ են գնում նախագծի շուրջ:
Ահա այսպես, անճշտությունն ամենեւին չխանգարեց, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունի «Գնումների մասին» օրենքի նախագիծը: Դրան կողմ քվեարկեց 77, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 22 պատգամավոր` ըստ էության հնարավորություն տալով ՀՀ, ԱԺ նախագահների եւ վարչապետերի արարողակարգային` օտարերկրյա ճամփորդությունների կամ հյուրընկալությունների վրա արված ծախսերն ու տրված նվերները համարվեն պետական գաղտնիք:
Սա ամենամեղմ բնորոշմամբ անգամ խայտառակություն է: Բայց ԱԺ-ի համար կարեւորը բերված նախագծերը դակելն է, որպեսզի նախագահականում եւ գործադիրում գոհ մնան ԱԺ ղեկավարությունից:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկվա նիստի ընթացքում մի քանի անգամ խնդրեց պատգամավորներին չբացակայել նիստերի դահլիճից` նշելով, որ նիստը կարճ է տեւելու, քվեարկություններ ունեն: Սակայն մինչ Գալուստ Սահակյանը վարչապետի կողմից ստացված գրությունն էր ընթերցում` բավականին անհաջող տոնայնությամբ, դահլիճում պատգամավորները աշխուժացան: Նա շտապեց դիտողություն անել. «Ձայները կտրեք եւ լսեք»: Ոչ մի ազդեցություն: Այնուհետեւ մաեստրոն դահլիճում ներկա գտնվող պատգամավորներին հորդորեց սպասել ուշացող գործընկերներին, որպեսզի մյուս հարցերը քվեարկության դնեն. «Դուք համբերեք, մինչեւ պատգամավորները կհավաքվեն»: Օրենսդիրներն էլի շարունակում էին աղմկել: ԱԺ-ն վերածվել էր «շուկայի», եւ նախագահողի խոսքը ոչինչ չարժեր: Գալուստ Սահակյանը բարկացավ. «Մի րոպե հնարավոր չի՞, դա ո՞վ է որ, այ քեզ բա՜ն»: Առաքել Մովսիսյանը վրդովված հետաքրքրվեց. «Ո՞ւմ մասին ա խոսքը», Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Քո չէ, էն մյուսի»:
Ահա այսպես, քանի որ մանդատ ունեցողները «քչություն» էին անում, մի քանի պատգամավորներ սկսեցին «դաշնամուր նվագել» «հարեւան» գործընկերների կոճակների վրա եւ քվեարկեցին կողքինների փոխարեն:
Մասնավորապես «Ժողովուրդ»-ը նկատեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը քվեարկեց Համլետ Հարությունյանի փոխարեն, անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը` Արայիկ Գրիգորյանի փոխարեն, ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանը` կուսակցական ընկեր Տաճատ Վարդապետյանի փոխարեն, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն էլ քվեարկեց Հարություն Ղարագյոզյանի փոխարեն:
Ահա այսպիսի մթնոլորտում ավարտվեց ԱԺ արտահերթ նստաշրջանը` օրենք դարձնելով բավականին վիճահարույց նախագծեր: Ու ցավալին այն է, որ այս վերաբերմունքը վաղուց ավանդույթ է դարձել մեր երկրում: Տարիներ ի վեր ԱԺ են մտնում մարդիկ, որոնք չեն սիրում օրենք կարդալ, վերլուծություն ու եզրահանգում անել եւ իրոք հանրօգուտ նախագծեր հաստատել: ԱԺ մեծամասնությունը շարունակում է մնալ զուտ ապաքաղաքական «կոճակ»-ի գործառույթ ունեցող կերպար եւ ոչ թե օրենսդիր` բառի ուղիղ իմաստով:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ՕՐԻՆԱԽԱԽՏՆԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովում պատգամավորները ոչ մի կերպ չեն կարողանում ձերբազատվել խայտառակ սովորությունից եւ մշտապես «կարեւորագույն քվեարկությունների» ժամանակ սեղմում են կողքի պատգամավորի կոճակը: Իհարկե, այս կարգազանցության համար ԱԺ-ում գործում է մի ողջ հանձնաժողով` ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը, որը պետք է սաստի պատգամավորների այդ վարքը` թույլ չտալով քվեարկել ուրիշի փոխարեն: Սակայն այդ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ինքն է քվեարկում ուրիշի փոխարեն: «Ժողովուրդ» օրաթերթը Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է խախտում օրենքը` լինելով էթիկայի հանձնաժողովի նախագահ: Իհարկե, այս դեպքում էլ Սուքիաս Ավետիսյանը վստահեցրեց, թե ինքն ուրիշի փոխարեն չի քվեարկել: Մեր այն պնդմանը, որ կան փաստեր, Սուքիաս Ավետիսյանը ծիծաղեց՝ նշելով ու էլի պնդելով, թե չի քվեարկել ուրիշի փոխարեն:

 

 

ԿԱՀԱՎՈՐՈՒՄ Է
Երեւանում բնակություն հաստատած այն պատգամավորները, ովքեր Երեւանից չեն եւ ապրելու հնարավորություն չունեն մայրաքաղաքում, ՀՀ Ազգային ժողովի բյուջեից ամսական 100 հազար դրամ են ստանում՝ վարձով բնակարանի ծախսերը հոգալու համար: Այսպիսի արտոնություն պատգամավորներին տվել է ԱԺ կանոնակարգ օրենքը:
Ամսական 100 հազար դրամ բնակարանի վարձ է ստանում նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Լյուդմիլա Սարգսյանը վերջերս հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, սակայն շարունակում է օգտվել ՀՀ Ազգային ժողովի բյուջեի ամսական 100 հազար դրամից:
Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրավիճակն այսպես բացատրեց. «Ես դեռ չեմ կահավորել բնակարանս: Բնականաբար կահավորելուց անմիջապես հետո՝ մինչեւ Նոր տարի, կտեղափոխվեմ վերջնական ու բնականաբար դիմում կգրեմ ու կհրաժարվեմ այդ գումարից: Բնակարան ստանալ չի նշանակում այնտեղ ապրել»:

 
ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ
ԿԸՀ երեկվա արտահերթ նիստում ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան նշանակվել են 38 տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ` 6 տարի ժամկետով: Պահպանելով տարբեր սեռերի հավասարության չափանիշը` թվով 18 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը միաձայն նշանակվել են ամբողջությամբ, իսկ 20 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերն ընտրվել են նախապատվության քվեակարգով: Դեկտեմբերի 17-ին` ժամը 14:00-ին, կգումարվեն ՏԸՀ-ների առաջին նիստերը, որոնց ընթացքում կընտրվեն հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ եւ քարտուղարներ:

 

 

444 ՄԵՔԵՆԱ՝ ՄԵԿԻ ԳՆՈՎ
Ծառայողական ավտոմեքենաների օպտիմալացման արդյունքում պետական գույքի կառավարման վարչությանն է հանձնվել 444 մեքենա, որից գնահատվել է 417-ը: Փոխադրամիջոցներից 358-ն արդեն աճուրդային գործընթացում է, առաջիկայում աճուրդներ կկազմակերպվեն նաեւ մնացած մեքենաների համար: Նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում շարունակական աճուրդներում վաճառվել է 98 մեքենա՝ հիմնականում խորհրդային արտադրության, 1986-2008 թթ., որոնց ընդհանուր մեկնարկային գինն աճուրդների օրը կազմել է 24 283 241 ՀՀ դրամ: Մրցակցային պայմանների շնորհիվ վաճառքի ընթացքում գումարը հասել է 26 955 563 ՀՀ դրամի: Մեքենաներից 26-ը վաճառվել է մրցակցությամբ, ինչի արդյունքում գնահատված գինն ավելացել է 11 տոկոսով: Անցկացված աճուրդներում ամենացածր գնով վաճառված մեքենան արժեր 15.000 դրամ (խորհրդային արտադրության, 1986թ.), ինչը պայմանավորված է փոխադրամիջոցի` շահագործման ոչ պիտանի վիճակով, մեծ մաշվածությամբ: Ամենաբարձր գնահատված մեքենան (արտասահմանյան) 1520 000 ՀՀ դրամ արժեր եւ վաճառվել է նույն գնով:

 

 

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիին: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳ նախարարության միջեւ ստորագրված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Վրաստանի ՆԳ նախարարության միջեւ համագործակցության ամրապնդման մասին» հռչակագիրը կնշանավորվի իր արդյունավետությամբ: Մգեբրիշվիլին Սարգսյանին է փոխանցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ջերմ ողջույնները եւ գոհունակությամբ փաստել հայ գործընկերների հետ ձեւավորված փոխադարձաբար օգտակար եւ արդյունավետ համագործակցությունը:

 

 

ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ
Եվրախորհրդարանը երեկ հավանություն է տվել մեխանիզմին, որը թույլ կտա տեսանելի ապագայում Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներին ազատել վիզաների պահանջից: Ըստ երեկվա որոշման՝ Վրաստանի հարցում վիզաների չեղարկումը քվեարկության կդրվի 2017 թվականի հունվարին, իսկ Ուկրաինայի վերաբերյալ՝ փետրվարին: Որոշումները կմտնեն ուժի մեջ այն օրը, երբ կհրապարակվեն Եվրամիության պաշտոնական հանդեսում:




Լրահոս