Մոսկվայի կենտրոնում` հայկական աթոռանիստ եկեղեցում հնչել է Քրիստոսի ծննդյան Մեծ Ավետիսը, ինչից հետո հանդիսավորությամբ ներս է բերվել Լուսավորչի մասունքը` առաջին անգամ: Առաջին քրիստոնյա ազգի Սուրբ Ծննդյան այս տարվա պատարագը առանձնահատուկ է դարձրել Արթուր Ջանիբեկյանը: Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցում առաջին անգամ երկրպագել են Առաջին հայրապետի սուրբ մասունքը: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» հեռուստաընկերության կայքը։
Լուսավորչի մասունքը ձեռք բերելու պատմությունն ուշագրավ է: Փարիզում կայացած հեղինակավոր աճուրդին ներկայացված հայկական մշակութային ու եկեղեցական բացառիկ նմուշների հետ աճուրդի էր հանվել նաև Լուսավորչի մասունքը: Դա գրավել է բարերար Ջանիբեկյանի ուշադրությունը: Նա ուսումնասիրել է և պարզել` մասունքը հայազգի կոլեկցիոներ Գիոմ Արալի մոտ է հայտնվել 3 տարի առաջ. Նեապոլի հնաոճ իրերի խանութից էր ձեռք բերել` ուղեկցող փաստաթղթերով: Մասնատուփի հետևի մասում կա կնիք, որը Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Սֆորզան է դրել: Եպիսկոպոս Սֆորզան առաջնորդ է եղել 1845-1877 թվականներին: Այդ կնիքով նա հավաստում էր, որ մասնատուփում պահվում է ճշմարիտ մասունք:
«Աստծուն շնորհակալ եմ, որ ունեցել եմ հնարավորություն` լինելու այն մարդը, ում միջոցով պետք է այս մասունքը փոխանցվեր մեր եկեղեցուն` ի բարօրություն և ի շահ մեր ժողովրդի, մեր հավատացյալների»,- ասել է Արթուր Ջանիբեկյանը։
Լուսավորչի մասունքը երկրպագության համար դուրս կբերվի տարին չորս անգամ` Առաջին կաթողիկոսին նվիրված եկեղեցական տոներին, որպեսզի հավատացյալները երկրպագությամբ, խորնարհումով ստանան օրհնությունը, շնորհը մեծ սրբի և քաջալերված, գոտեպնդված , լուսավորված հավատքով ապրեն իրենց կյանքն ու իրենց բարի գործերով վկայեն նույն հավատքի ջերմեռանդությունը, ինչպես իրենց սուրբ հոր հավատն է առ Աստված, առ հայրենին և առ ազգը:
Արթուր Ջանիբեկյանն այսքանով չի սահմանափակվի` նա խոստացել է Աջի տեսքով ոսկե մասունքարան պատրաստել, որտեղ կպահվի Լուսավորչի մասունքը` որպես ազգային սրբություն:
Մանրամասները` տեսանյութում: