ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 14 անձի:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ խուզարկություն կատարելու որոշման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները 2016թ. մայիսի 3-ին` ժամը 16-ի սահմաններում, գնացել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենք` թիվ 48 խցում խուզարկություն կատարելու նպատակով:
Նախնական քննության տվյալներով՝ ՔԿՀ-ի նշված խցում պահվող, քրեական հեղինակություն համարվող Արմեն Ալեքսանյանը, քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց շրջանում տարածված խոսակցություններից տեղեկացել է նախատեսված խուզարկության մասին և նպատակադրվել խափանել այն։ Մասնավորապես՝ օգտվելով կալանավորված և դատապարտված անձանց շրջանում ունեցած դիրքից ու հեղինակությունից, խուզարկությունը խափանելու նպատակով՝ 2016թ. մայիսի 3-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, անկարգություններ սկսելու բարձրաձայն կոչով դիմել է քրեկատարողական հիմնարկում պահվող կալանավորված և դատապարտված անձանց՝ ասելով. «Բերդ, ախպերներից դաբռո կա, բունտը սկսեք, դուռ խփեք»:
Ա.Ալեքսանյանի հնչեցրած կոչերից հետո նույն քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում պահվող մի խումբ անձինք մասնակցել են բռնության գործադրմամբ, գույքի վնասմամբ և ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգություններին։ Անտեսելով քրեակատարողական հիմնարկում վարքի պահպանման վերաբերյալ գործող կանոնները՝ կալանավորված և դատապարտված անձինք վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել իրավապահ և արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, այրել և խցերի դռների կերակրադռնակներից միջանցք նետել վառվող բարձեր, ներքնակներ, սրբիչներ և այլ իրեր:
Զանգվածային անկարգության մասնակիցները ոտքերով հարվածել են խցերի դռներին, կոտրել փականները և դուրս գալով խցերից՝ կոտրել 4-րդ մասնաշենքի բանալիների թաքստոց հանդիսացող մետաղյա խողովակը, տարբեր խցերի կերակրադռնակները։ Մետաղյա ձողերով ու այլ առարկաներով վնասել տվյալ մասնաշենքի միջանցքում առկա գույքը, բռնություն գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ։
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, գործողությունների շրջանակը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արմեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ևս 13 հոգու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին