Մի քանի կուսակցություն փոխած SAS-ի Արտակը պատրաստվում է ընտրակեղծարարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը` նույն ինքը SAS-ի Արտակը, հաջորդ խորհրդարանում պատգամավոր դառնալու խիստ մշուշոտ շանսեր ունի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրերս ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցում կայացած հանդիպման ժամանակ, երբ քննարկվել են այդ ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով առաջադրվող թեկնածուների հարցը, ներկաները բարձրաձայնել են հնարավոր խնդիրների մասին: ՀՀԿ-ն գիտակցում է, որ անչափ դժվար է լինելու Արտակ Սարգսյանին նորից պատգամավոր դարձնելը: Ու թեեւ Արտակ Սարգսյանը հայտարարել է` ինքը փողի խնդիր չունի, եւ իր մանդատը պահպանելու համար որքան գումար պետք է` պատրաստ է ծախսել, սակայն ՀՀԿ-ում նրա հանդեպ դիմադրություն կա: Առավել եւս, որ ռեյտինգային ցուցակների պայքարն ընթանալու է մի կողմից կուսակցության ներսում, մյուս կողմից` մրցակից կուսակցությունների միջեւ:

Եւ հիմա ՀՀԿ-ն Արաբկիրում ցանկանում է առաջադրել մարդկանց կողմից ընդունված եւ հնարավորինս քիչ վարկաբերկված, մրցունակ թեկնածուների: Մինչդեռ, SAS-ի Արտակն, ընդհակառակը, ՀՀԿ ամենավարկաբեկված պատգամավորներից մեկն է, որի ձայնը «պառլամենտական գործունեության» ողջ ընթացքում չի լսվել, որը ՀՀԿ-ի հետ չի ասոցացվում, որեւէ կուսակցական գործունեություն չի ծավալում (չհաշված օբշակի համար պարտադիր վճարվող դրամահավաքին մասնակցելը): Դեռ ավելին, բոլոր ընտրություններում SAS-ի Արտակն աչքի է ընկել իր կազմակերպած ահռելի ընտրակեղծիքներով: Մասնավորապես, նրա անունը «փայլատակեց» 2015թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ, երբ SAS սուպերմարկետի աշխատակից ընտրակեղծարարների բանակի արարքները հայտնվեցին միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում` այդպես վարկաբեկելով երկրի հեղինակությունը: Ինչն այս անգամ թույլ չի տրվելու:

Հիշեցնենք, որ SAS-ի Արտակի կենսագրության «փառահեղ» էջերը, երբ նա երդվյալ ՕԵԿ-ական էր, սակայն 2006-ի հայտնի առնետավազքի ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանն ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրեց, նա այդ կուսակցությունը լքողների մեջ առաջիններից էր: Հետո SAS-ի Արտակը հանգրվանեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետիչի ցուցակում, բայց այդպես էլ պատգամավոր չդարձավ: Այնպես որ, նույն ճակատագիրը նրան սպառնում է նաեւ հիմա:




Լրահոս