Armenian text to speach

«Աֆրիկայից վարձկաններ կբերի» և «կազատագրի Արցախն ու Նախիջևանը». ո՞վ է քենիացի Արտակ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026-ի խորհրդարանական ընտրապայքարը Հայաստանի քաղաքական դաշտ է բերել ոչ միայն նոր կարգախոսներ, այլև հին ստվերներ։ Այդ ստվերների ամենախորհրդանշական դեմքերից մեկը դարձյալ Արտակ Սարգսյանն է՝ առավել հայտնի «Artur Brothers»-ի շրջանակներից։ Մարդ, որի անունը տարիներ շարունակ շրջանառվել է աֆրիկյան բիզնես-սխեմաների, միջազգային սկանդալների ու կասկածելի կապերի մասին հրապարակումներում, այսօր փորձում է ներկայանալ որպես «ազգային վերածննդի» քաղաքական դրոշակակիր։

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը մասնակցում է 9 համարի ներքո, իսկ ցուցակը գլխավորում է հենց Սարգսյանը։ Սակայն նրա կենսագրությունն ավելի շատ հիշեցնում է քրեական-քաղաքական թրիլլեր, քան դասական քաղաքական ուղի։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է ընդամենը մեկ անշարժ գույք՝ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում գտնվող այգետնակ, որը ձեռք է բերել 2021 թվականին։ Բանկային հաշիվներին՝ զրո դրամ, եկամուտներ՝ բացակայում են, փոխարենը՝ 5 միլիոն դրամ կանխիկ միջոց և 7 միլիոն դրամ վարկային պարտավորություն։ Հարց է առաջանում՝ ինչ միջոցներով է քաղաքականություն մտնում մի գործիչ, որի պաշտոնական եկամուտները գոյություն չունեն, բայց որի կենսակերպն ու միջազգային ակտիվությունը տարիներ շարունակ լայն քննարկման առարկա են եղել։

Սակայն թվերից ավելի աղմկոտ է Սարգսյանի անցյալը։

«Artur Brothers»-ի անունը տարբեր ժամանակներում հայտնվել է քենիական մամուլի առաջին էջերում։ Միջազգային լրատվամիջոցները նրանց կապել են իշխանական շրջանակների հետ գործարքների, օդանավակայանային սկանդալների, կեղծ փաստաթղթերի և անգամ թմրանյութերի շրջանառության մասին պատմությունների հետ։ Թեմային անդրադարձել էին Reuters-ը, Nation Africa-ն, KTN News Kenya-ն և նույնիսկ Wikileaks-ը։ Թեև իրավական վերջնական դատավճիռներ չեն հրապարակվել, բայց տեղեկատվական հետքը բավական է հասկանալու համար, որ խոսքը սովորական գործարար կենսագրության մասին չէ։

Սակայն եթե անցյալը կարելի էր ներկայացնել որպես «սև PR», ապա Սարգսյանի սեփական հայտարարություններն արդեն քաղաքական ինքնաբացահայտում են։

Վերջին շաբաթներին նա հանրային եթերում հայտարարել էր, թե անհրաժեշտության դեպքում «Աֆրիկայից վարձկաններ կբերի» և «կազատագրի Արցախն ու Նախիջևանը»։ Այս հայտարարությունը ոչ միայն բուռն արձագանք առաջացրեց, այլ նաև վտանգավոր հարցադրումներ։ Ո՞ր քաղաքական ուժն է ընտրությունների գնում ռազմական արկածախնդրության խոստումներով։ Ի՞նչ կապեր կամ ռեսուրսներ ունի մի գործիչ, որը հրապարակային խոսում է վարձկանների ներգրավման մասին։ Եվ ամենակարևորը՝ արդյոք սա քաղաքական ծրագիր է, թե պարզապես հերթական շոկային ներկայացումը՝ ուշադրություն գրավելու համար։

Սարգսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերներն էլ վաղուց վերածվել են քաղաքական ագրեսիայի հարթակի։ Նա պարբերաբար թիրախավորում է Հայաստանի իշխանություններին, բանակին, արտաքին քաղաքականությանը՝ հաճախ օգտագործելով կոշտ և երբեմն սահմանազանցող ձևակերպումներ։ Նրա կուսակցության էջում «քենիական փորձը» ներկայացվում է գրեթե որպես կառավարման մոդել, մինչդեռ հանրությունը դեռ պատասխան չի ստացել՝ ինչ էր իրականում տեղի ունենում այդ «փորձի» կուլիսներում։

Այս ամենի ֆոնին Արտակ Սարգսյանի քաղաքական հայտը ավելի շատ հիշեցնում է ռիսկային փորձարկում Հայաստանի քաղաքական համակարգի վրա։ Մի կողմից՝ հակաիշխանական հռետորաբանություն, մյուս կողմից՝ միջազգային սկանդալներով ուղեկցվող անցյալ, և վերջապես՝ վարձկանների մասին հայտարարություններ, որոնք նույնիսկ տարածաշրջանային լարվածության պայմաններում հնչում են ծայրահեղ վտանգավոր։

2026-ի ընտրություններում Հայաստանի քաղաքացիները կանգնած են ոչ միայն քաղաքական ընտրության, այլ նաև արժեքային սահմանի առաջ․ արդյոք քաղաքականությունը պետք է վերածվի շոուի, սկանդալի և ուժային ֆանտազիաների հարթակի, թե հանրությունը վերջապես կպահանջի պատասխանատվություն ոչ միայն խոսքերի, այլև անցյալի համար։

 




Լրահոս