Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի և առաջիկա անելիքների վերաբերյալ: Մասնակցել են Ծրագրի խորհրդի անդամները: Խորհրդակցության սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է խորհրդի առջև դրված խնդիրներին և գործունեության առաջնահերթություններին:
«Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի զարգացման գործում մենք շատ ավելի ակտիվորեն ներգրավենք միջազգային ընկերություններին, տարբեր մասնագետների, շնորհաշատ մարդկանց, ինչպես նաև ավելի առարկայորեն մասնակցենք աշխատանքի միջազգային բաժանմանը: Եվ որպեսզի միջազգային բիզնեսի համար Հայաստանը դարձնենք ավելի գրավիչ, մենք նոր շունչ պետք է հաղորդենք դատական, ֆինանսական, հարկային ոլորտներում կատարվող բարեփոխումներին, ավելի եռանդուն կատարելագործենք մեր բիզնես միջավայրը, ինչը հնարավորություն կտա տեսանելի ապագայում մեր երկրի զարգացմանը, բարեփոխումներին նոր ուժ հաղորդելու:
Տեղյակ եք, որ նոյեմբերի 30-ին ես վավերացրել եմ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթը, համաձայն որի` Հայաստանն ազատականացրել է իրավաբանական անձանց՝ դեպի երկիր և երկրից դուրս տեղափոխվելու հնարավորությունները:
Հայաստանի Հանրապետության նպաստավոր իրավազորություն կառուցելու նպատակով 2016թ. նոյեմբերի 26-ին իմ հրամանագրով ստեղծվել է այս խորհուրդը, և ձեր մշակած ծրագրի հիմնադրույթները հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: «Հայաստանի իրավազորության» խորհուրդը, փաստորեն, այսօր անց է կացնում իր առաջին լիարժեք նիստը: Կարծում եմ, որ նպատակները բոլորիս հայտնի են: Ուղղակի, ես համոզմունք ունեմ, որ մենք ավելի խորապես պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը և, հիմք ընդունելով Հայաստանի գրավչությունը, առավելությունները, մեր ժողովրդի և, առաջին հերթին, մեր երիտասարդ, տաղանդավոր մասնագետների հնարավորությունները, հայության դիրքերն աշխարհում՝ կառուցենք Հայաստանի Հանրապետության իրական պատկերը և Հայաստանի Հանրապետությունում նպաստավոր իրավազորություն ստեղծենք իրավաբանական անձանց և ընկերությունների համար: Ես վստահ եմ, որ այստեղ նաև մեծ դերակատարություն ունի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Հայաստանի օրեցօր ավելացող մասնակցությունը Եվրամիության տարբեր ծրագրերին: Բայց ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մեր որդեգրած դիրքորոշումը՝ անօրինական փողերի լվացմանը հակազդելու, քրեական գործունեության ֆինանսավորումը չհանդուրժելու, ֆիսկալ ծովահենության դեմ և ֆինանսական ոլորտի թափանցիկությանն ուղղված միջազգային ճիգերին օժանդակելու, մնում է անփոփոխ: Մեզ համար ամենակարևորն այս պահին Հայաստանի զարգացմանը զուգահեռ՝ սա է: Մենք որևէ նոր բան չենք հնարելու, մենք աշխատելու ենք մեր օրենքների հիման վրա և աշխատելու ենք մեր երկրի զարգացման համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
«Հայաստանի իրավազորություն» ծրագրի խորհրդի անդամները Հանրապետության Նախագահին զեկուցել են Նախագահի հրամանագրով ամրագրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նշվել է, որ սահմանված ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը ներկայացված «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներից բացի, Կառավարության որոշմամբ ստեղծվել է նաև «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը, որի գրանցման աշխատանքները ներկայումս գտնվում են ավարտական փուլում: Առաջիկա անելիքների շարքում խորհրդի անդամներն առանձնացրել են վերոնշյալ հիմնադրամի կողմից ընկերության ստեղծումը, որին կփոխանցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունները: Այդպիսով, կամբողջականացվի Ծրագրի գործունեության ինստիտուցիոնալ հիմքը:
Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն, եռամսյա պարբերականությամբ ՀՀ Նախագահին հաշվետվություն կներկայացվի «Հայաստանի իրավազորություն» ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: