Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չստորագրեց Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Մաքսային օրենսգիրքը այն պատճառով, որ այն ամենը, ինչը պետք է լիներ միությունում, չի աշխատում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես չեմ ստորագրել Մաքսային օրենսգիրքը, քանի որ այն ամենը, ինչը պետք է լիներ, չի աշխատում»,-ասել է Լուկաշենկոն երեկ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաև նշել է, որ հանձնարարել է հետ կանչել մաքսային օրգաններից բելառուս մասնագետներին: Նրա խոսքով՝ եթե Բելառուսին ցանկանում են տեսնել ինտեգրացիոն կառույցներում, ապա բոլոր անդամները պետք է աջակցեն միմյանց և հավելյալ խոչընդոտներ չստեղծեն:
«Առանց այդ խնդիրների լուծման ես անգամ չեմ դիպչի այդ օրենսգրքին և այլ հարցերին»,-ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ Բելառուսը բացակայում էր Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: