Արդեն հայտնել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կողմից պետական միջոցների տնօրինման իրավաչափությունը և պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստում արձանագրվել է ընդհանուր ավելի քան 30 միլիոն ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ:
Ավելին՝ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել նաև պետական միջոցների տնօրինման այլ խնդրահարույց փաստեր, որոնք պատշաճ ստուգման կենթարկվեն հարուցված քրեական գործի շրջանակներում:
ArmLur.am-ն այս առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանից:
«Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել: Ես զարմացած եմ, թե՞ որտեղից են այդպիսի տվյալները»,- ի պատասխան մեր հարցի ասաց նա:
Նշենք, որ Բրյուսովի անվան համալսարանի շուրջ առաջին անգամը չէ, որ նման աղմկահարույց դեպքեր են տեղի ունենում:
Լիդա Եղիազարյան