ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը օրերս հայտարարեց, որ Կոնգրեսն ընտրություններին մասնակցելու է Ստեփան Դեմիրճյանի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով: Ինչո՞ւ միայն ՀԺԿ-ի հետ, արդյո՞ք որեւէ այլ ուժ չի համաձայնել դաշինք կազմել ՀԱԿ-ի հետ. «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն է:
-Պարո՛ն Զուրաբյան, Դուք առաջին քաղաքական ուժն էիք, որը դեռեւս ամիսներ առաջ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ բաց է այլ ուժերի հետ բանակցելու համար: Ի վերջո, պարզ դարձավ, որ ՀԱԿ-ը դաշինք է կազմում միայն ՀԺԿ-ի հետ: Այլ ուժերի հետ չհաջողվե՞ց:
-Մենք առաջին ընտրական դաշինքն ենք, որը հայտարարեց, որ սկսում է քարոզարշավը եւ, ընդհանրապես, ըստ էության, ասաց, թե ինչի վրա է կառուցելու այդ ընտրարշավը: Մյուս կողմից՝ մենք ամենավերջինը հայտարարեցինք դաշինք ստեղծելու մասին, գաղտնիքը ո՞րն է, այն է, որ մենք կարծում ենք՝ ավելի կարեւոր է ուղերձը, ասելիքը, կառավարման ծրագիրը, որը պետք է առաջարկվեր ժողովրդին, քան թե ինքնանպատակ միավորումը բազմատեսակ քաղաքական ուժերի: Այո՛, մենք հապաղեցինք, երկար չէինք հայտարարում, թե ինչ ֆորմատով ենք մասնակցելու ընտրություններին, բայց մենք առաջինը հայտարարեցինք, թե որն է լինելու մեր ծրագիրը: Դեկտեմբերի 17-ի համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց խաղաղության, բարիդրացիության մասին, եւ մեր համագումարի բանաձեւում մենք տվել ենք մեր ընտրարշավի, ավելի ճիշտ՝ քարոզարշավի ուրվագիծը:
-Իսկ ինչո՞ւ հապաղեցիք, եթե այդքանը պատրաստ էր, եւ կար հստակություն: Խնդիրը բանակցություննե՞րն էին այլ ուժերի հետ:
-Այո, իհարկե, հենց նույն դեկտեմբերի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ այդ նույն ասելիքների շուրջ ով պատրաստ է մեզ հետ համագործակցել, մենք պատրաստ ենք նրա հետ գնալ ընտրությունների:
-Իսկ ինչո՞ւ չստացվեց:
-Եղավ, ՀԺԿ-ն:
-Բացի ՀԺԿ-ից՝ այլ ուժեր չարձագանքեցի՞ն:
-Կա՛մ չարձագանքեցին, կա՛մ որեւէ նախաձեռնություն չդրսեւորեցին: Ես չեմ կարող ասել, որ բանակցություններ չեն եղել, բանակցություններ եղել են անգամ շատ շուտ՝ նոյեմբերին՝ դեռ մինչ մեր համագումարը: Ընդհանուր մի գաղափար էր պտտվում, որ իշխանության դեմ պետք է ստեղծել մեծ ընդդիմադիր դաշինք, յոթ-ութ գլխավոր ընդդիմադիրների համագործակցություն: Երբ որ մեզ նման առաջարկ արվեց, մենք պատասխանեցինք՝ այո, մենք պատրաստ ենք նման բանակցությունների, որովհետեւ, եթե իսկապես ստեղծվում է մեկ ընդդիմադիր, հսկայական մի դաշինք, այն կարող է լուրջ բեկում մտցնել:
-Իսկ ինչո՞ւ չստեղծվեց, տարաձայնություննե՞ր եղան:
-Որովհետեւ մեր համաձայնությունից ընդամենը մի քանի օր հետո երեք ուժերը հայտարարեցին առանձին դաշինք ստեղծելու մասին:
– Խոսքը «Ելք» դաշինքի մասի՞ն է:
-Այո՛: Հետո պարզվեց, որ մի ուրիշ դաշինք էլ ցանկանում են այլ ուժեր ստեղծել, եւ պարզ դարձավ, որ այդ միաբեւեռ դաշինքաշինությունը որեւէ հեռանկար չունի, ուստիեւ մենք գնացինք այս ճանապարհով՝ ուղերձի հզորության ճանապարհով: Մենք համարում ենք, որ դու պետք է ճշմարտությունն ասես ժողովրդին:
-Պարո՛ն Զուրաբյան, բայց եղան խոսակցություններ, որ դեկտեմբերի 17-ի ՀԱԿ համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից հետո ոչ մի ուժ չցանկացավ դաշինք կազմել ՀԱԿ-ի հետ…
-Գիտեք, դա իսկապես շատ ցածրորակ եւ ոչ պրոֆեսիոնալ դատողություններ էին, որովհետեւ նախ՝ այնպես չէ, որ Տեր-Պետրոսյանն ինչ-որ մի բան է առաջարկում, այդ տարբերակները մի քիչ տարբեր մոդիֆիկացիաներով 90-ական թվականներից կան բանակցությունների սեղանին, եւ իրենց համաձայնությունը ժամանակին տվել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այսինքն՝ դա այն տարբերակներն են, որոնք քննարկվում են, կան, եւ ուրիշ ոչ մի լուծում ո՛չ բանակցված է, ո՛չ էլ ինչ-որ մեկի կողմից առաջարկված է:
-Այսինքն՝ այդ ելու՞յթը չէր պատճառը, որ որեւէ ուժ չցանկացավ համագործակցել Ձեզ հետ:
-Գիտեք, դա պետք է հարցնել այլ ուժերի: Բայց ես հիմա ցանկանում եմ անդրադառնալ այդ դաշինքների խնդրին: Ցավոք սրտի, Հայաստանի համար ստեղծվել է մի իրավիճակ, որ կարծես դաշինքաշինությունը դարձել է ինքնանպատակ, այսինքն՝ շատերը այդպիսի մի բնական համախմբման պրոցեսի բացակայության պայմաններում փորձում են արհեստականորեն համախմբվել, եւ նպատակն այն է, որ ինչքան շատ բազմապիսի կուսակցություններ, ինչքան շատ քաղաքական գործիչներ համախմբվեն, այնքան մեծ տպավորություն կթողնեն հասարակության վրա: Դա այն է, ինչ որ ես կոչում եմ «քաղաքական սալաթ», եւ նման «քաղաքական սալաթը» ունի մի քանի պրոբլեմներ: Առաջին՝ շատ դժվար է հաղթահարել հակասություններն այդ «սալաթի» ներսում, եթե չկա բնական միավորող ուժ, եթե չկա ուժեղ լիդեր: Երկրորդը՝ չկա այն կարեւորագույն ուղերձը, որի շուրջ այդ ամեն ինչը կատարվում է, եւ որը ժողովրդի համար համոզիչ կլինի…
-Իսկ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն ունի՞ բավարար ներուժ՝ բոլոր ընտրատարածքներում մրցունակ թեկնածուներ ապահովելու համար:
-Ներուժ կա, իհարկե, կա իներցիան, կան մարդիկ, ովքեր հիասթափվել են, անհեռանկարային են համարում պայքարը, բայց մեր գործը դա է, որ ոգեւորենք ժողովրդին, նորից հավատ ներշնչենք, թունելի վերջում լույս ցույց տանք եւ, ի վերջո, կառուցենք մարտունակ այն թիմը, բանակը, որը ընտրություններին պետք է լուրջ արդյունք ցույց տա: Ես այս պահին համարում եմ, որ բավականին խոստումնալից է ցուցակի կառուցման գործընթացը:
ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ
Նախորդ խորհրդարանական ընտրություններին ձայների ճնշող մեծամասնությունը՝ 664 հազար 266 ձայն, իր օգտին գրանցեց ՀՀԿ-ն եւ 5-րդ գումարման ԱԺ-ում կազմեց ամենամեծ խմբակցությունը: Արդյո՞ք առաջիկա ընտրություններում հանրապետականին կհաջողվի կրկնել այս ցուցանիշը, այս պահին դժվար է ասել:
Եթե ընտրություններին մասնակցի մոտ 1,2-1,3 մլն մարդ, ապա մեծամասնություն կազմելու համար ՀՀԿ-ն պետք է ունենա 600 հազար ձայն: Այսինքն՝ այնքան, որքան նախորդ ընտրություններին: Այս անգամ, սակայն, իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ ՀՀԿ-ից հեռացել են եւ, ըստ ամենայնի, դեռ կհեռանան «ձայներ բերող» կարեւոր դերակատարներ:
Նախորդ ընտրություններում երկրորդ հորիզոնականը «Բարգավաճ Հայաստանինն» էր: ԲՀԿ-ականները կարողացան ապահովել 30.19 տոկոս ձայն: Իհարկե, ԲՀԿ-ի դիրքերը թուլացան Ծառուկյանի՝ քաղաքականությունը լքելուց հետո, բայց ի ուրախություն ԲՀԿ-ականների՝ Ծառուկյանը կրկին վերադարձավ եւ ամրացրեց այն, ինչ քանդել էր իր հեռանալով: Եթե դրան գումարենք նաեւ ՀՀԿ-ից հեռացած «ձայն բերողների» նշանակալի ռեսուրսը, ապա ԲՀԿ-ի շանսերը զգալիորեն ավելանում են:
2012թ. խորհրդարանական ընտրություններում երրորդ տեղում ՀԱԿ-ն էր: 18 ուժերից բաղկացած դաշինքի կարգավիճակով ընտրություններին մասնակցող կոնգրեսականները 106 հազար 901 ձայն հավաքելով՝ ստացան 7 մանդատ: Այս ընտրություններին եւս ՀԱԿ-ը մասնակցելու է դաշինքով, բայց արդեն միայն ՀԺԿ-ի հետ եւ կրկին պարտավոր է հաղթահարել 7 տոկոսանոց շեմը: Կկարողանա՞ արդյոք ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը լուծել այդ խնդիրը, այս պահին դժվար է ասել, սակայն անցած աշնանը կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները լավատեսության մեծ հիմքեր չեն տալիս: Ինչեւէ: 7 տոկոսն ապահովելու համար ՀԱԿ-ը պետք է ունենա 80-90 հազար ընտրող:
Ինչ վերաբերում է 2012-ին ԱԺ անցած մյուս ուժերին, ապա «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ն ընդամենը կարողացան հաղթահարել 5 տոկոսի շեմը եւ ունենալ 5-ական մանդատ:
Ներկայումս «Ժառանգություն»-ը դեռեւս փնտրտուքների մեջ է: Նախորդ ընտրություններում 4-րդ հորիզոնականում հայտնված կուսակցությունը նկատելիորեն թուլացրել է իր դիրքերը եւ հույսը կապում է բացառապես այլ ուժերի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է Արմեն Մարտիրոսյանին եւ Զարուհի Փոստանջյանին կրկին տեսնել ԱԺ-ում: Կուսակցությունը հայտարարել է, որ դաշինքով է մասնակցելու ընտրություններին, բայց թե որ ուժերի հետ, դեռեւս հապաղում է հստակեցնել:
Իսկ ահա ՀՅԴ-ն եւ ՀՎԿ-ի վերածված ՕԵԿ-ը, թերեւս, ունեն իրենց կայուն ընտրազանգվածը: Այս ուժերի համար 5 տոկոսն ապահովելը թեեւ բարդ, բայց հաղթահարելի խնդիր է, որին հասնելու համար նրանք պետք է հավաքեն շուրջ 70 հազար ձայն:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ՄԻԱՅՆ ՊԱՐՏՔ
Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել: 2017թ. փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 մլդ 969.3 մլն դոլար, որից միայն 5 մլրդ 458.1 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է: Նկատենք, որ տարեսկզբի համեմատ՝ ՀՀ պետական պարտքն ավելացել է 27.2 մլն դոլարով: Եւ, ընդհանրապես, մինչեւ տարեվերջ այս թիվը կանցնի 6 մլդր դոլարը` անցնելով ՀՆԱ 50 տոկոսի սահմանագիծը եւ մոտեցնելով դեֆոլտի վտանգը:
ԱԱԾ-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՆԵՑԻՆ
Հայաստանում գործող պայմանական վաղաժամկետ ազատ արձակման երեք հանձնաժողովների կազմից հանվել են ոչ միայն ՀՀ երեք փոխոստիկանապետերը, որ ղեկավարում էին հանձնաժողովները, այլեւ ԱԱԾ աշխատակիցները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հանձնաժողովի կազմից դուրս են մնացել ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը: Հիշեցնենք՝ նաեւ օրերս ԱԺ-ում ընդունվեց դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի փոփոխությունների նոր նախագիծը, որի քննարկումների ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել էր, թե հանձնաժողովներն արդյունավետ չէին գործել, եւ կալանավայրերի գերհագեցվածության խնդիրը շարունակել էր չլուծված մնալ:
ԼՔՈՒՄ ԵՆ ՀՎԿ-Ն
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունից արտահոսքը շարունակվում է: Երեկ ՀՎԿ-ն լքելու մասին է հայտարարել ՀՎԿ երիտասարդական միության նախագահ Դավիթ Հարությունյանը, որը ժամանակին լուծարել էր իր ստեղծած Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը` անդամակցելու համար ՀՎԿ-ին: Հարությունյանը տարածած հայտարարության մեջ այսպես է նշել կուսակցությունից դուրս գալու պատճառները. ««Հայկական վերածնունդի» եւ նրա առաջնորդի որեւէ խոսք այդպես էլ գործ չդարձավ, ու ակնհայտ է, որ երբեւէ չի դառնալու… Չեմ կարող չբարձրաձայնել, որ այն կեղծ եւ գաղջ մթնոլորտը, որը տիրում է «Հայկական վերածնունդում», խաբեության եւ ստորաքարշության այն մթնոլորտը, ժողովրդին խաբելու եւ մոլորեցնելու էժանագին պոպուլիզմը, այլեւս անհամատեղելի են դարձնում իմ եւ իմ թիմի ներկայությունը «Հայկական Վերածնունդում»: …Վստահորեն կարող եմ ասել, որ ով շփվել է այդ թիմի հետ, ով նախկինում եղել է ՕԵԿ անդամ, ՀՎԿ անդամ, կհասկանա ինձ, որ Արթուր Բաղդասարյանի ստեղծած միջավայրը մեկ բան է թելադրում՝ կա՛մ ունենալ արժանապատվություն եւ հեռանալ ստի ու կեղծիքի այդ կուսակցությունից, կա՛մ հաշտվել այդ կառույցի խաղի անազնիվ կանոնների հետ»: Ավելի ուշ ՀՎԿ երիտասարդական միությունն էր հայտարարություն տարածել` ասելով, որ իր ոչ պարկեշտ վարքի համար ցանկացել են Դ. Հարությունյանին հեռացնել կուսակցությունից, սակայն նա իր հայտարարությամբ առաջ ընկավ: Հիշեցնենք, որ 2016թ. տարեվերջին ՀՎԿ-ն լքեց «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Անահիտ Ղազարյանը, որ միացել էր Ա. Բաղդասարյանին, հետո ՀՎԿ-ից հեռացավ այս կուսակցության կենտրոնի կառույցի ղեկավար Ռոբերտ Ղազանչյանը: