«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ քաղաքացի Ալեքսան Ներսիսյանը դատարանում վիճարկում է «Վիվա Արմենիա» ընկերության գործողությունները՝ պնդելով, որ խախտվել է իր սեփականության իրավունքը։ Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նանա Դալլաքյանի նախագահությամբ։
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է հերթական ուշագրավ քաղաքացիական վեճը, որի կենտրոնում այս անգամ հեռահաղորդակցության ոլորտի խոշոր խաղացողներից մեկն է՝ «Վիվա Արմենիա» ընկերությունը։
Քաղաքացի Ալեքսան Ներսիսյանը դատարան է դիմել «սեփականության իրավունքի խախտումը վերացնելուն պարտավորեցնելու պահանջով» ընդդեմ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի։
Թե կոնկրետ ինչ գործողությունների կամ հարաբերությունների հետևանքով է առաջացել վեճը, դատական նյութերից առայժմ ամբողջությամբ պարզ չէ, սակայն արդեն ինքնին ձևակերպումը՝ «սեփականության իրավունքի խախտումը վերացնել», հուշում է, որ խոսքը կարող է վերաբերել քաղաքացու գույքային իրավունքի սահմանափակման կամ օգտագործման հետ կապված խնդրին, որի մասով, քաղաքացու պնդմամբ, կա անբարեխիղճ վերաբերմունք «Վիվա Արմենիա» ընկերության կողմից։
Գործը քննվում է դատավոր Նանա Դալլաքյանի վարույթում։
Հատկանշական է, որ վերջին տարիներին խոշոր ընկերությունների դեմ սեփականության իրավունքի պաշտպանության պահանջներով ներկայացվող հայցերը գնալով ավելանում են։ Քաղաքացիները ավելի հաճախ են դատարաններում փորձում պաշտպանել իրենց իրավունքները՝ հատկապես այն դեպքերում, երբ բախվում են խոշոր բիզնեսի կամ ազդեցիկ կազմակերպությունների հետ։
Իսկ թե ինչ հանգուցալուծում կունենա Ալեքսան Ներսիսյանի և «Վիվա Արմենիայի» միջև ծագած իրավական վեճը, պարզ կդառնա դատական քննության ընթացքում»։
Ի պատասխան 12.05.2026 Ժողովուրդ օրաթերթում հրապարակված և ArmLur.am լրատվականում վերատպված՝ «Վիվա Արմենիայի» դեմ՝ սեփականության իրավունքի խախտման հայց. գործը հասել է դատարան» հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ
«Քանի որ այս փուլում datalex.am համակարգը չի ներկայացնում հայցապահանջի ամբողջ բովանդակությունն ու խնդիրը, ստորև հարկ ենք համարում ներկայացնել խնդրո առարկայի հակիրճ նկարագրությունը․
Հայցվոր Ալեքսան Ներսիսյանը դատարան է դիմել պահանջով՝ պարտավորեցնել «Վիվա Արմենիա» ՓԲ Ընկերությանը վերացնելու հայցվորի սեփականության իրավունքի խախտումը, այն է՝ իր միջոցներով հանել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ ՀՀ, Տավուշի մարզ, Դիլիջանի համայնք, գ․ Աղավնավանք, 1-ին փ, թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքով անցնող էլեկտրահաղորդման օդային գիծը և դրա համար տեղադրված մետաղական հենասյունը։
Առհասարակ՝ տարակուսանք է առաջացնում քաղաքացու կողմից դատարան դիմելու հանգամանքը։ Ընկերությունը մշտապես ձգտում է գտնել կառուցողական լուծումներ, և այս դեպքում ևս Viva-ն նույնպես իրականացրել է այդպիսի քայլեր։
Հայցվոր Ալեքսան Ներսիսյանի կողմից նախորդ տարի հենասյան ապամոնտաժման վերաբերյալ դիմումը ստանալուց հետո կազմակերպվել է հանդիպում, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պատվիրել նախագիծ և իրականացնել ինչպես հենասյան ապամոնտաժումը, այնպես էլ օդային գծի տեղափոխումը։
Նախ՝ չափագրության արդյունքում պարզվել է, որ մետաղական հենասյան մեկ ոտքը գտնվում է Ալեքսան Ներսիսյանի հողամասում, իսկ էլեկտրասնուցման օդային գիծը մոտ 70-80 մետր հատվածով անցնում է նրա տարածքի վրայով։
Նախագիծը պատվիրվել է, ինչպես նաև ստացվել են սնման կետի փոփոխության տեխնիկական պայմանները։ Ներկայում նախագիծը գտնվում է համայնքի կողմից հաստատման գործընթացում, որի ընթացքում տեխնիկական խնդիրներ են առաջացել կադաստրային քարտեզների հետ կապված։ Նախագիծն իրականացնող ընկերությունը դիմել է նաև Կադաստրի կոմիտե, սակայն խնդիրը դեռևս լուծում չի ստացել։
Միաժամանակ, Viva-ի աշխատակիցը և կապալառու կազմակերպության ներկայացուցիչը այցելելու են տարածք՝ համայնքի վարչական ղեկավարի հետ քննարկելու և հարցի լուծմանը նպաստելու նպատակով։
Մեր նպատակն է հնարավորինս արագ իրականացնել հենասյան ապամոնտաժումն ու օդային գծի տեղափոխումը Ալեքսան Ներսիսյանի տարածքից, ինչի մասին վերջինս արդեն տեղեկացվել է նաև հեռախոսազրույցի ընթացքում։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:






























