ՀԱՐՑ. Ես բանկում երաշխավոր եմ եղել իմ ծանոթին: Նա իր վարկային պարտավորությունները կատարում է ուշացումներով՝ սեւ բիծ թողնելով նաեւ իմ վարկային անվան վրա: Խնդրում եմ ասեք՝ ես կարո՞ղ եմ խզել երաշխավորության իմ պայմանագիրը: Ի՞նչ կարող են անել նման կարգավիճակում հայտնված քաղաքացիները: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Վանուհի Մանուկյան (41 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ այստեղ) Հավելենք նաեւ, որ երաշխավորության պայմանագիրը կարող է դադարեցվել հետեւյալ դեպքերում.
1. Եթե վարկն ամբողջությամբ մարվել է.
2. Եթե վարկային պայմանագրում առանց Ձեր համաձայնության փոփոխություններ են կատարվել՝ ի վնաս Ձեզ.
3. Եթե վարկը փոխանցվել է այլ անձի, ում Դուք չեք համաձայնել երաշխավորել.
4. Եթե ֆինանսական կառույցը հրաժարվել է ընդունել Ձեր կամ Ձեր ծանոթի կողմից պարտավորության կատարումը.
5. Եթե երաշխավորության պայմանագրի ժամկետը ավարտվել է: Հնարավոր է նաեւ, որ Ձեր երաշխավորության պայմանագիրը չունենա ժամկետ: Այս դեպքում Ձեր երաշխավորության պայմանագիրը կդադարի գործել, եթե Ձեր դեմ հայց չի հարուցվել Ձեր ծանոթի վարկային պայմանագրի ավարտից 1 տարվա ընթացքում: Իսկ եթե վարկային պայմանագիրը նույնպես չունի ժամկետ, ապա երաշխավորության պայմանագիրը դադարում է գործել, եթե վարկային պայմանագիրը կնքելու պահից 2 տարվա ընթացքում Ձեր դեմ հայց չի հարուցվել:
Առհասարակ, երաշխավոր դառնալուց առաջ հիշեք, որ`
1. Երաշխավորը պատասխանատու է վարկի համար իր ողջ գույքով,
2. Երաշխավորը սահմանափակում է ինքն իր համար վարկ ստանալու հնարավորությունը,
3. Երաշխավորը կրում է ակամայից վատ վարկային պատմություն ձեռք բերելու ռիսկ:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորությունը դադարում է՝
2) երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար,
3) եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը: