ՖՈՏՈ. Կինս նյարդայնանում է, երբ ինձ ընդառաջում են. Վաչե Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադառում ենք հայկական շոու-բիզնեսի հայտնի դեմքերին, պարզում ենք` ինչպես է ստացվել, որ հենց նրանց է բաժին ընկել հանրային անձի «տիտղոսը»: Վերջիններս պատմում են իրենց ճանապարհին հանդիպած, երբեմն դեռեւս չհաղթահարված դժվարությունների մասին, անկեղծանում են` երկրորդ հնարավորության դեպքում կընտրեին նույն ուղին, թե ոչ: Այսպիսով` մեր հերթական զրուցակիցը հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանն է:

«Երբեք չեմ երազել հայտնի լինել»

2006 թվականին, երբ արդեն հիմնել էինք «32 ատամ» ակումբը (ես հանդես էի գալիս որպես դերասան եւ սցենարի հեղինակ), զգացի, որ շատ մարդիկ են ինձ ճանաչում, ուշադրություն դարձնում: Իհարկե, մինչ այդ հասցրել էի նկարահանվել գովազդներում, աշխատել էի ՈՒՀԱ ուսանողական լիգայում, բայց այդչափ հայտնի չէի: Հեռուստաեթերը տվեց հանրային լինելու մեծ հնարավորություն: Ասեմ, որ երբեք չեմ երազել հայտնի լինելու մասին. նույնիսկ մտքովս նման բան չի անցել: Ես Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ եմ եւ պարզապես ցանկանում էի «ինչ-որ բան» դառնալ (ծիծաղում է):

Տարօրինակ ֆանատը

Երբ հայտնի ես, երբեմն ընկնում ես զավեշտալի պատմությունների մեջ: Վերջերս, օրինակ, ինձ մոտեցավ մի երեխա, ասաց. «Չե՞ս ուզում հետս լուսանկարվել», հարցրի. «Բա ո՞ւր է հեռախոսդ», ինքն էլ թե. «Քո հեռախոսով նկարիր»: Այդպես նկարվեցինք, ու նա գնաց` նույնիսկ չփորձելով ստանալ լուսանկարը (ծիծաղում է):

«Ժպիտի պակաս չունենք»

Երեւի շատերն են նշում` գալիս է մի պահ, երբ ուզում ես քեզ չճանաչեն, որ դու չլարվես, թեեւ ես այդ առումով առանձնակի բարդույթներ չունեմ. կարող եմ հանրախանութից շատ անձնական իրեր գնել եւ վատ չզգալ: Ուշադրության կենտրոնում լինելը սկզբում անսովոր է, այսպես ասած` ձիգ ես քայլում, բայց չես կարող նաեւ ժխտել, որ այն բավական հաճելի է: Լինում են պահեր, երբ դու քեզ շոյված ես զգում: Կինս, օրինակ, նյարդայնանում է, երբ ինձ ընդառաջում են, իրեն կամ մյուսներին` ոչ, երբ որեւէ գործարք ժպիտով են իրականացնում (ծիծաղում է): Այսօր շատերը երկրից հեռանում են` նշելով, որ մեր երկրում մարդիկ չեն ժպտում: Բայց մենք այդ ժպիտի պակասը չունենք:

«Լինում են պահեր, երբ ուզում եմ թողնել ոլորտը…»

Հիասթափություններն անխուսափելի են ցանկացած մասնագետի, մարդու պարագայում, հատկապես մեր երկրում, որտեղ կատարածդ աշխատանքն ու դրա վարձքը միմյանց չեն համապատասխանում: Հիմա էլ լինում են պահեր, երբ ուզում եմ թողնել ոլորտը, բայց հետո էլի փորձում եմ մի քանի աշխատանք համատեղել: Բացի այդ` բոլոր պարագաներում հայրենիքի հանդեպ սերը հաղթում է, եւ դու համակերպվում ես ինչ-ինչ իրավիճակների: Չեմ կարծում, թե երբեւէ կհեռանամ այս ասպարեզից. վերջիվերջո տասը տարուց ավել է` համապատասխան փորձ եմ կուտակել: Նույնիսկ եթե զուգահեռաբար տրվեմ այլ գործերի, բեմի հետ կապս կպահեմ, որպեսզի ստեղծագործական «սովս» հագեցնեմ:

«Երկրորդ շանսի դեպքում նորից կընտրեի իմ աշխատանքը»

Ինձ գրավում է հատկապես այն, որ աշխատանքս հնարավորություն է տալիս շրջագայել, աշխարհ տեսնել, շփվել սփյուռքահայերի հետ, համերգներով հանդես գալ եւ գումար աշխատել: Եթե ես, օրինակ, հաջողակ բիզնեսմեն լինեի, էլի հնարավորություն կունենայի լինել տարբեր երկրներում, բայց երբեք չէի կարողանա հայտնվել այն մթնոլորտում ու միջավայրում, որն ինձ համար ապահովում են գործընկերներս: Այնպես որ, եթե երկրորդ անգամ հնարավորություն ընձեռվեր, նորից կընտրեի իմ մասնագիտությունն ու աշխատանքը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս