Երևանում կայացած Հայաստանի և Եվրոպական միության առաջին գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որը նոր փուլ է նշանավորում երկկողմ հարաբերություններում։
Կողմերը ընդգծել են, որ գործընկերությունը խորանում է և կրում է ռազմավարական բնույթ՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, բարեփոխումներին և ԵՄ-ին մոտեցմանը։ Եվրոպական միությունը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին, որոնք ամրագրվել են 2025 թվականին ընդունված ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքով։
Հռչակագրում կարևոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանային անվտանգությունը։ ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և հաղորդակցությունների բացմանը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։
Տնտեսական համագործակցության շրջանակում նշվում է, որ
- ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» ծրագիրը կազմում է 270 մլն եվրո,
- «Global Gateway» նախաձեռնությամբ ներդրումները կարող են հասնել մինչև 2.5 մլրդ եվրոյի։
Նախատեսվում է ակտիվ համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում։ Քննարկվում է նաև Հայաստանի ներգրավումը Սև ծովի ստորջրյա մալուխի նախագծում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացումը։
Անվտանգության ոլորտում կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը՝ ներառյալ կիբերանվտանգությունը, սահմանների կառավարումը և իրավապահ մարմինների միջև կապերը։ ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանի զինված ուժերի կարողությունների զարգացմանը։
Հռչակագրով արձանագրվել է նաև վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը, որը կարող է հեշտացնել քաղաքացիների տեղաշարժը և տնտեսական կապերը։
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը նոր տեխնոլոգիաների՝ մասնավորապես արհեստական բանականության, կիսահաղորդիչների և բարձր արտադրողական հաշվարկների ոլորտներում։
Գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթուղթը դիտարկվում է որպես Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման և երկարաժամկետ ինտեգրման ճանապարհային քարտեզ, նշվում է հայտարարության մեջ։
Անի Վարդանյան























