Փորձի փոխանակումը զարգացման երաշխիքներից մեկն է: Առավել արդյունավետ է, երբ գիտելիքներով ու կուտակած փորձով փոխանակվում են տարբեր երկրների ապագա մասնագետները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաց դռների հերթական հյուրերը եղել են Իրանից և Վրաստանից ժամանած երիտասարդները, ովքեր Հայաստանում են «Առաջնորդության դպրոցի» ծրագրով: Ակտիվ և խոստումնալից երիտասարդները ծանոթացնել են Հայաստանում ձեռնարկատիրական և նորագույն տեխնոլոգիական զարգացումներին՝ ուղիղ շփման միջոցով:
Հյուրերի համար կազմակերպվել է ճանաչողական այց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործառնական հիմնական կենտրոններ, որի շրջանակներում նրանք ծանոթացել են զանգերի կենտրոնի, տեխնիկական վարչության և սպասարկման կենտրոնի աշխատանքային առանձնահատկություններին: Շրջայցն ուղեկցվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ անմիջական զրույցով և հարց ու պատասխանով: Բիզնեսի նորարարական միտումներով հետաքրքրված երիտասարդները հանդիպման ընթացքում ծանոթացել են նաև ընկերության ներքին գործառույթներին, աշխատանքային ընթացակարգին և տեխնոլոգիական հիմնական զարգացումներին:
«Ողջունելի է երիտասարդների դրսևորած հետաքրքրությունը՝ պատասխանատու բիզնես կառավարման հիմունքների հանդեպ: Գնահատելի է հատկապես նրանց պատրաստակամությունը՝ վստահ գործելու և իրենց մտքերը կյանքի կոչելու հարցում: Ուրախ եմ, որ նորագույն տեխնոլոգիաների և կապի ոլորտում մեր երկրի փորձով կարողանում ենք օգտակար լինել նաև հարևան երկրներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Առաջնորդության դպրոց» հիմնադրամն իր ռեգիոնալ զարգացման ծրագրերի շրջանակում կազմակերպել է փոխանակում՝ Իրանից և Վրաստանից ժամանած երիտասարդ ձեռներեցների և ուսանողների համար։ Առավել ակտիվ և խոստումնալից երիտասարդները Հայաստանում հյուրընկալվելով՝ ծանոթացել են Հայաստանի զարգացման միտումներին, գործիչներին և կազմակերպություններին: Իրականացվող ծրագիրը կարևոր է երկարաժամկետ համագործակցության և տարածաշրջանի զարգացման համար: