Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի առեւտրի սպասարկման կանոնակարգման բաժնի պետ Մանվել Մովսիսյանը հայտնվել է դատարանում:
ArmLur.am-ը պարզեց, որ Մովսիսյանը, լինելով քաղաքի պաշտոնատար անձ, որոշել է համայնքի ղեկավարությանը հաճոյանալ, ինչի արդյունքում հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Բանն այն է, որ քաղաքում եղել են առեւտրականներ, որոնք բացօթյա առեւտրով են զբաղվել: Եվ ահա, Մովսիսյանը իր լիազորությունների շրջանակում պետք է արգելեր, որ վերոնշյալ անձիք քաղաքում բացօթյա առեւտրով զբաղվեն, սակայն իրավիճակը միանգամայն այլ է:
Տեղեկացանք, որ Մովսիսյանը բացօթյա առեւտուրով զբաղվող քաղաքացիների մոտ է ուղարկել իր ենթականեր Վահե Հարությունյանին եւ Սիրեկան Մարտիրոսյանին` բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիների հետ գործարքի մեջ մտնելու համար: Իսկ ի՞նչ գործարքի մասին է խոսքը:
Այսպես, սույն պաշտոնյան բացօթյա առեւտրով զբաղվողների համար արտոնյալ պայմաններ է ստեղծել, ըստ էության` ասելով, եթե ցանկանում եք աշխատել, ապա պետք է համապատասխան կլորիկ գումար վճարել, ինչին խեղճուկրակ առեւտարականները համաձայնել են, միայն թե իրենց ընտանիքները կարողանան պահել:
Եվ ահա, այս արարքի համար Աբովյան քաղաքի համայնքապետարանի աշխատակազմի տրանսպորտի առեւտրի սպասարկման կանոնակարգման բաժնի պետ Մանվել Մովսիսյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին` պաշտոնական լիազորություններն անցնելու համար:
Լուսանկարները` mediamax.am-ի: