«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պաշտպանական կողմը բողոքարկելու է Առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այս մասին դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
«Դատավճիռը բողոքարկվելու է և ուղարկվելու է ՄԻԵԴ: Դատական նիստի առաջին իսկ պահից հայտնել ենք, որ նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի կարող նման գործերով արդար դատաքննություն իրականացնել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում և ճանաչվեց մեղավոր: