«Հայաստանի պատանեկան նվաճումների» նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ արդեն չորրորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը: Համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի և կրթության միջև երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների և նորարարական մտածելակերպի զարգացմանը խթանելն է:
Հերթական մրցույթին մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումների» ամառային 25-րդ ճամբարի մասնակցիները. ավելի քան 150 աշակերտ, Հանրապետության տարբեր մարզերից: Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, բիզնես տեսանկյունից առաջարկել նորարարական լուծումներ և մոտեցումներ:
Մինչև մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ճամբարականներին նախապես ներկայացրել էին նախատեսվող առաջադրանքը. ուսումնասիրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքը, «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանները և պատրաստել բաժանորդների համար առավել գրավիչ պայմաններ ու լուծումներ ենթադրող առաջարկություններ:
Ավագ դպրոցի աշակերտները սահմանված կոնկրետ ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ և դրանք ներկայացնեին գնահատող հանձնաժողովին, որի կազմում էին Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Բիզնեսը գործում է ոչ միայն գրված օրենքներով: Կան նաև էթիկայի և պատասխանատվության տեսանկյունից կարևոր՝ չգրված օրենքներ: Շահում է այն բիզնեսը, որը հաշվի է առնում երկուսը՝ հավասարապես: Առաջադրանքը, որն այսօր ներկայացված է ձեզ, պահանջում է ներկայացնել այնպիսի լուծում, որն ունենա մրցակցային առավելություն, հիմքում հաշվարկված լինի սպառողի հարմարավետությունը և համապատասխանի մեր ընկերության արժեհամակարգին: Ծրագիրը կարևոր հարթակ է նաև մասնակից թիմերի համար՝ արագ կողմնորոշվելու և բիզնես կառավարման նրբություններին ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում տիրապետելու համար: Ողջունում եմ բոլորիդ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաղթանակ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Առաջարկը մշակելիս ճամբարականները մտածել են ազատ և ստեղծագործաբար` հաշվի առնելով հետևյալ կետերը՝
· գնային քաղաքականությունը
· բիզնես շահույթը
· կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը
· մրցակցությունը
Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի քան 150 համայքում՝ «JHM» բարեգործական հիմնադրամի և «HSBC» բանկի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ 3500 աշակերտի տնտեսագիտական և ձեռնարկատիրական գիտելիքներ հաղորդելն է, մասնավորապես՝ գործարար էթիկայի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին ծանոթացնելը և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ընձեռելը: Ծրագրի շնորհիվ աշակերտները սովորում են դրսևորվել որպես ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:
Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 13 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվել են BLU Vivo 5 Mini սմարթֆոններով:
Մանրամասն տեղեկությունները ներկայացված են «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության վեբ-կայքում՝ www.jaarmenia.org: