Ի՞նչ կապ ունի Իսրայելի նախարարի Հայաստան այցն Ադրբեջանից հայկական դիրքերի վրա իսրայելական անօդաչու սարքերի փորձարկման հետ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Իսրայելի հարաբերություններում որոշակի կնճիռներ են առաջացել: Սա այն բանից հետո, երբ իսրայելական Haaretz լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող իսրայելական Aeronautics Defence System ընկերության աշխատակիցները Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով: Թերթի փոխանցմամբ՝ սկզբում իսրայելական ընկերության աշխատակիցները հրաժարվել են կատարել անօդաչու սարքերը հայկական դիրքերի վրա ուղղելու հրահանգը, բայց, ի վերջո, բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը գնացել է այդ քայլին ու վրիպել: Aeronautics Defence System հերքում է թերթի հրապարակումը, սակայն Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է այդ կապակցությամբ հետաքննություն իրականացնելու մասին:

Կատարվածին անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, որի խոսնակը հայտարարել է. «Մենք խնդիրների մասին տեղյակ ենք, հետեւում ենք դրանց: Ես որեւէ հնարավորությունների մասին չեմ կարող խոսել: Գործընթացներ կան»:
Հատկանշական է փաստը, որ այս միջադեպի մասին հրապարակումները եղան հայ-իսրայելական հարաբերությունների ջերմացման ֆոնին: Օրերս Հայաստանում էր Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հաներգբին, ընդ որում, տեւական ժամանակ է` այդ երկրից որեւէ պաշտոնյա նման այց չէր կատարել: Մի քանի տարի Իսրայելի հետախուզության եւ անվտանգության հարցերի պատասխանատու նախարարի պաշտոնը զբաղեցրած նախարարը Երեւանում խոսել էր հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում» գրանցելու մասին՝ մյուս կողմից փորձելով զերծ մնալ ռազմաքաղաքական ոլորտի վերաբերյալ հարցապնդումներից:

Իսկ ավելի վաղ` այս տարվա հունիսին, Հայաստանում էր Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը, որը խոսել էր ռազմական ոլորտում համագործակցության մասին` ասելով. «Իսրայելը զինամթերք մատակարարող երկրների հնգյակում է, եւ դա գաղտնիք չէ։ Բաց աղբյուրներով՝ ռազմական արդյունաբերության միջոցով Իսրայելը տարվա ընթացքում 5,6 մլրդ դոլար գումար է աշխատում… ՀՀ-ին եւս առաջարկվել է գնել զինամթերք, բայց պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ այն թանկ է, եւ մեզ հարմար չէ, իսկ հիմա գնդակը ՀՀ ձեռքում է։ Մենք միշտ բաց ենք։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելուն, ձեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն Ադրբեջանին ավելի շատ զենք է վաճառում։ Հետաքրքիր է՝ այս հարցը դուք տալի՞ս եք ՌԴ-ին»: Ու հիմա նման միջադեպերը կամ առնվազն միջադեպերի մասին հրապարակումները պատահական չեն:




Լրահոս