Չնայած կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր 37 հարց, սակայն այն սովորականից շատ կարճ տեւեց՝ գրեթե 20 րոպե: Պատճառներից մեկը թերեւս այն էր, որ երեկվա նիստում պարզ պատճառով չհնչեցին վարչապետ Կարեն Կարապետյանի ավանդական դարձած հանձնարարականները: Վերջինս կարճատեւ արձակուրդում է, եւ վարչապետի փոխարեն երեկվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Սակայն միայն վարչապետը չէ, որ արձակուրդում է. երեկվա նիստին մասնակցում էին մեծ թվով փոխնախարարներ, քանի որ նրանց վերադասներն էլ էին արձակուրդում:
Նախ նկատենք, որ կառավարության՝ կարճ նիստեր անցկացնելու սովորությունը ներդրել է հենց վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ նիստերից մեկի ժամանակ նկատեց, որ դրանք չափազանց երկար են տեւում, իսկ նիստերում էլ հաճախ նախարարները երկար-բարակ զեկուցում են հարցեր, որոնց պարտադիր չէ այդքան ուշադրություն դարձնել: Կարապետյանի խոսքով՝ տեխնիկական բնույթի եւ հանրության կողմից հետաքրքրություն չներկայացնող հարցերը նիստում չպետք է քննարկվեն:
Եվ հենց այդ պատճառով էլ կառավարության նիստերի օրակարգերում ընդգրկվում են հարցեր, որոնք համարվում են չզեկուցվող, եւ դրանց կառավարության նիստում սովորաբար անդրադարձ չի լինում: Սա կառավարությանը հնարավորություն է տալիս որոշ հարցերում մանեւրել, խուսափել ավելորդ մեկնաբանություններից եւ գլխացավանքներից: Որպես կանոն զեկուցվող հարցերի թվում այնպիսիններն են, որոնք կառավարության աշխատանքը գովելու տեղ են թողնում, իսկ մյուսներից փորձում են խուսափել՝ դրանք չզեկուցվողների թվին դասելով: Եվ հենց այս պատճառով էլ կառավարության նիստերն այդքան կարճ են տեւում. հարցերի կեսը կամ ավելին սովորաբար չզեկուցվող են լինում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան