ԵՎՍ ՄԵԿ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վարչապետի գլխավորությամբ հակակոռուպցիոն հանձնաժողովներ ստեղծելը դարձել է ավանդույթ, եւ այդ ավանդույթը չխախտեց նաեւ Կարեն Կարապետյանը: Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի կազմում վարչապետից բացի՝ ընդգրկվել են ՀՀ փոխվարչապետը, միջազգային տնեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ այլ պաշտոնյաներ: Սակայն նկատենք, որ մինչեւ հիմա ձեւավորված խորհուրդներն այդպես էլ կոնկրետ արդյունքներ չեն տվել, ու նրանց գործունեությունը սկսվել եւ ավարտվել է ձեւական նիստեր անցկացնելով, ձեւական հանձնարարականներ տալով եւ վերջ: Մինչդեռ հայտնի փաստ է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ոչ թե հարկավոր է խորհուրդներ ստեղծել, այլ առաջին հերթին քաղաքական կամք: Բայց այս իշխանությունը, որ ձեւավորվել է հենց քաղաքական կոռուպցիայի արդյունքում՝ ընտրակաշառքի շնորհիվ, բնական է, որ չի կարող վերջ տալ արատավոր երեւույթներին: Չնայած այս խորհրդի անդամներից ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ պնդում էր, թե իրենց կհաջողվի կոռուպցիայի դեմ պայքարում դրական արդյունքներ գրանցել օրենքով վերջերս տրված նոր իրավասությունների շնորհիվ: «Նախկինում մենք չենք ունեցել այն դեպքը, որ տնտեսվարող սուբյեկտը բացահայտի իր սեփականատերերին, այս գործիքակազմը բոլորովին նոր է: Մենք չենք ունեցել նաեւ այն գործիքակազմը, որով գնումների համակարգից կպահանջեինք բացահայտել կամ հայտարարագրել իրենց շահերը կամ փոխկապակցվածությունը տնտեսվարող սուբյեկտի հետ»,- ասել է նա: Մնում է միայն, որ այս ամենը կյանքի կոչվի, եւ պետական մարմինները, որոնք զբաղվելու են կոռուպցիայի դեմ պայքարով, հետամուտ լինեն օրենսդրության պահպանմանը:

 

 

 

Հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երեւան» ակումբի մարզիչների կողմից կաշառք ստանալու, ասել է, թե խաղը վաճառելու առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությամբ ամբաստանյալներից մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը ճանաչվել է անմեղսունակ եւ դատարանի որոշմամբ ուղարկվել հարկադիր բուժման: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատարանը Առուշանյանի առողջականի հետ կապված մի քանի անգամ փորձաքննություն է նշանակել, եւ հաստատվել է, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ: Ինչ վերաբերում է մյուս ամբաստանյալներին՝ գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանին, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանին, ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանին, ապա նրանց դատաքննությունը դեռ շարունակվում է: Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները` ստացել են ապօրինի շահույթ: Իսկ խաղի կանխատեսելի արդյունքները հնարավոր է եղել ապահովել կաշառքի միջոցով: Սակայն որեւէ մեկն իր մեղքը չի ընդունում:

 

 

 

«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի դեմ հարուցված քրեական գործից: Ինչպես հայտնի է՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով: Օրերս առերեսում է տեղի ունեցել դատախազի եւ կաշառք տվող Գոռ Գալստյանի մոր՝ Մելանյա Գալստյանի միջեւ: Վերջինս պնդել է, թե ինքը դատախազին չի տվել գումարը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները չեն կարող գտնել հենց դատախազի կողմից կաշառք վերցնելու ապացույցներ: Ու հիմա, որպեսզի չստացվի, թե իրենք սխալ են արել՝ աղմուկ-աղաղակով կալանավորելով Շհոյանին, փորձում են համոզել նրան, որ մեղքն իր վրա վերցնի եւ խոստովանական ցուցմունքներ տա: Առայժմ, սակայն, այս հարցում իրավապահները չեն հասել որեւէ արդյունքի:

 

 

 

Հայաստանում բուժման պետպատվերից օգտվողները տարվա կեսերից արդեն հայտնվում են անելանելի դրության մեջ. պետպատվերների լիմիտը սպառվում է, եւ մարդիկ չեն կարող այդպես բուժօգնություն ստանալ: Իսկ եթե բուժհաստատությունը, այնուամենայնիվ, ցուցաբերում է բուժօգնություն, ապա նրանց՝ պետբյուջեից տրվելիք գումարները չեն փոխանցվում: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որոշել է «լիմիտավորել» պետպատվերները: «Հայաստանում այժմ պետական պատվերի շրջանակում բժշկական օգնության եւ սպասարկման պահանջարկը գերազանցում է պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները։ Խնդրի լուծման նպատակով նախարարությունը մի քանի ուղղություններով աշխատանքներ է տանում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես են բացատրել խնդիրը առողջապահության նախարարությունից: Սա, թերեւս, արդարանալու ամենահեշտ տարբերակն է: Սակայն իշխանությունները ճիշտ կանեին պետական գերատեսչությունների թանկարժեք գնումների, տարբեր անիմաստ ծրագրերի, պատգամավորների եւ նախարարների վոյաժների վրա ահռելի միջոցներ ծախսելու փոխարեն գումարներն ուղղեին սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտ:

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ այսօր Հայաստանում քաղաքական դիսկուրս որպես այդպիսին գոյություն չունի: Ու պատճառն ամենեւին էլ թեմայի բացակայությունը չէ. քաղաքական դիսկուրսի օրակարգային թեմաները մեզանում շատ-շատ են: Օրինակ՝ ո՞րն է Հայաստանի զարգացման տեսլականը, կամ որոնք են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, ի՞նչ մեթոդներով պետք է լուծվի հիմնահարցը: Այս մասին գրեթե չի խոսվում, կամ եթե խոսվում է, ապա շատ սիրողական, զգացմունքային մակարդակով: Զարգացման որեւէ տեսլականի մասին քննարկումներում ավելի շատ հուսալքություն է, երբ մարդիկ արդարացիորեն չեն վստահում իշխանություններին ու չեն հավատում, որ նրանց քայլերը կարող են դրական արդյունքների բերել: Իսկ Արցախյան հակամարտության մասին քննարկումները «հողատվության» մակարդակի են, երբ փոխզիջման մասին ցանկացած խոսակցություն ավարտվում է «դավաճանի» պիտակ փակցնելով, եւ այս տարիների ընթացքում այդպես էլ չի տրվել մեկ հարցի պատասխան. փոխզիջմանն ընդդիմացողները, բանակցային սեղանին գտնվող փաստաթղթում ամրագրված սկզբունքները չընդունողները խելամիտ լուծման ի՞նչ մեթոդներ են առաջարկում:
Բայց ստեղծված իրավիճակն ամենեւին էլ պատահական չէ: Երկխոսության նախաձեռնողը պետք է լիներ իշխանությունը, քանի որ հենց իշխանության շահերից է բխում որոշումներ կայացնելուց առաջ հասարակության հետ երկխոսելը, հասարակությանն իր քայլերի իմաստը բացատրելը, ճշմարտացիությանը համոզելը: Բայց արի ու տես, որ իշխանությունը ոչ միայն որեւէ քայլ չի անում այս ուղղությամբ, այլեւ տարիներ շարունակ իրենց վարած քաղաքականության արդյունքում ՀՀ քաղաքացուն վերածել են պարզապես բնակչի՝ օտարելով սեփական պետությունից, զրկելով սեփական պետության ճակատագրի հարցում դերակատարություն ունեցողի կարգավիճակից: Ու արդյունքում գնալով խորանում է իշխանություն-հասարակություն անջրպեդը, եւ հասարակական դժգոհությունները կարող են ավարտվել ցնցումներով. լավագույն դասը «Սասնա ծռերի» միջադեպն էր, այդ խմբավորման նկատմամբ հասարակական-քաղաքական որոշակի շերտերի համակրանքն ու անթաքույց աջակցությունը:
Քաղաքացու՝ պետությունից օտարվելու հետեւանքով է, որ ընտրությունների ժամանակ մարդկանց չեն հետաքրքրում ո՛չ քաղաքական ուժերի ծրագրերը, ո՛չ գաղափարները, ո՛չ անգամ անձինք՝ թեկնածուները, եւ համապետական այդ միջոցառումը վերածվում է «քաղաքական աճուրդում» մեկօրյա փող վաստակելու մոլուցքի: Միայն թե այս իրավիճակի շարունակությունը կարող է սպասվածից ավելի վատ արդյունքների հանգեցնել. ի վերջո, իշխանությունը ստիպված է ինչ-որ որոշումներ ընդունել, ինչ-որ քայլեր կատարել, եւ եթե այս ամենն արվում է առանց հասարակության հետ երկխոսելու, ապա հակազդեցությունը կարող է միանգամայն կտրուկ ու կոշտ լինել:




Լրահոս