Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդուն՝ 1977թ. ծնված Ռոբերտ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թ. հունիսի 1-ին, ժամը 8-ի սահմաններում Ազատամուտ գյուղում վիճաբանել է նույն գյուղի բնակիչ Շահնազար Ալավերդյանի հետ, որի ընթացքում բռնել է նրա մայկայի կտորից եւ քաշել-ձգելու եղանակով մայկան պատռելով՝ վերջինիս իջեցրել է ավտոմեքենայից ու դիտավորությամբ ձեռքերով հարվածելով Շ. Ալավերդյանի՝ այտային շրջանին, ձախից կրծքավանդակի հետին երեսին ու ձախից կրծքավանդակի առաջային երեսին: Ռ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծը»):
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավարության ընթացքում առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչել, ասել, որ հունիսի 1-ին ինքը Շ. Ալավերդյանին չի տեսել, իրենց ընտանիքի` մի կողմից, եւ տուժողի ու նրա բարեկամների միջև` մյուս կողմից, վաղուց թշնամական հարաբերություններ են ստեղծվել` կապված համայնքի ղեկավարի ընտրությունների հետ: Նա հայտարարել է, որ ինքը երեք անգամ դատվել է նրանց պատճառով` նրանց բողոքների հիման վրա, սա էլ հերթական անհիմն բողոքն է, ինքը Շ. Ալավերդյանին չի տեսել, նրա հետ չի վիճել: Քրեական գործով տուժող Շ. Ալավերդյանը դատարանում հաստատել է իրեն ծեծի ենթարկելու փաստը: Դատարանը համարել է, որ Ռ. Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, եւ նա ենթակա է պատասխանատվության:
Պատիժ նշանակելիս դատարանը նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել խնամքին երեք անչափահաս երեխաների առկայությունը: 2017թ. օգոստոսի 9-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ռ. Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով եւ նրան դատապարտել տուգանքի 30 հազար դրամի չափով, նրա նկատմամբ ընտրված «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի մյուս որդին, 1981թ. ծնված Կարեն Մարտիրոսյանը 2014թ. հունիսի 11-ին Իջեւանում բացահայտ բռնության գործադրմամբ, ամուսնության նպատակով Իջեւան քաղաքի բնակչուհուն առեւանգելու փորձի համար 2017թ. փետրվարի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով դատապարտվել է 4 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Ոսկան Սարգսյան
Տավուշ