Քիչ առաջ ԱԱԾ-ն բերման ենթարկեց քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ Երևանում ԱԱԾ-ն մեծ շուքով, հատուկ օպերացիայով բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին՝ Արտյոմ Կանևսկոյին:

Ինչն է պատճառը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Չի բացառվում, որ Ազգային անվտանգության ծառայության այս օպերացիան կապված է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սպանության հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդում տվեց այն մասին, որ վնասազերծվել է մի խումբ, որը նախապատրաստում էր հեղինակություն Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի սպանությունը: Ու միանգամից վարկած առաջ քաշվեց, թե պատվիրատուն Արտյոմ Կանևսկոյն է:

Ի դեպ, ուշագրավն այն էր, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, պահելով պետական մարմինների հետ հարաբերությունների սուբորդինացիան, իր կողմից բացահայտված խմբին, այսպես ասած, հանձնեց իրավապահներին:

ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ խմբին ոչ թե ոստիկանությունն էր հայտնաբերել, այլ Դոն Պիպոյի մարդիկ: Իսկ ինչ արեցին իրավապահները: Մեծ հաշվով՝ ոչինչ: Բավարարվեցին միայն Կանեւսկոյի թիկնազորին «վնասազերծելով» և մեծ աղմուկ բարձրացնելուց հետո անհասկանալի պատճառաբանությամբ բաց թողնելով:  Ասում էին, թե զենք-զինամթերք են հայտնաբերել մեքենաներում:

Հարուցված քրեական գործի քննության ընթացքում էլ, ըստ ArmLur.am-ին հասած լուրերի, ՀՀ Քննչական կոմիտեն շարունակ պահանջում էր բերման ենթարկել Արտյոմ Կանեւսկոյին, սակայն օպերատիվ աշխատակիցները անկարող էին գտնել նրան:

Մինչդեռ նա անարգել լողում էր երեւանյան լողավազաններում, մարզվում եւ այլն: Շատ չանցած` գործի քննությանը լրջություն հաղորդելու համար վարույթը տեղափոխվեց ԱԱԾ քննչական ծառայություն: Բայց այստեղ էլ ոչինչ չարվեց:

Անհայտ էր նաեւ, թե վնասազերծված խմբի անդամներն ինչու են ազատ արձակվել: Եւ հետեւանքը եղավ սեպտեմբերի 12-ի կեսգիշերյան սպանությունը՝ բնակելի թաղամասում, մարդկանց տների վրա կրակոցներով սպանվեց քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի` Արտյոմ Հարությունյանի ընկերը` Կարեն Դավթյանը (Տուպիկ Կարեն) և վերջինիս մտերիմներից Լևոն Ավետիսյանը:

Եվ միայն երկու հոգու սպանությունից հետո հայրենի իրավապահները որոշեցին տեղից շարժվել, եւ ԱԱԾ-ն հանդգնեց մեկուսացնել Կանեւսկոյին: Գուցե, եթե ժամանակին ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ակտիվ, համարձակ գործեին, կալանքի միջնորդություն ներկայացնեին և կալանավորեին Կանևսկոյին ու նրա թիմին, բանը նոր սպանություններին, վենդետային չէր հասնի:

Թեև մյուս կողմից էլ դժվար է ասել` սա հերթական շոո՞ւն է, թե՞ նա պատիժ կկրի: Փորձը ցույց է տալիս, որ ինչպես անսպասելի բերման են ենթարկվում, այնպես էլ անսպասելի ազատ են արձակվում:




Լրահոս