ՀՀ կառավարության շենքի նախասրահի ու մամուլի կենտրոնի վերանորոգման համար խնայված միջոցներից ծախսվել է 3 մլն դրամ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Զոյա Բարսեղյանը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ ՀՀ կառավարության շենքում վերանորոգման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցին ընդառաջ: Կառավարությունը նախաձեռնել էր շենքի նախասրահի եւ մամուլի կենտրոնի վերանորոգում, որտեղ էլ Մեդվեդեւն ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես էին եկել մամուլի ասուլիսով: