Սերժ Սարգսյանի հրամանագրով Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը: Այս անունը հասարակության լայն շերտերին իհարկե ոչինչ չի ասում: Սա ոչ միայն այն պատճառով, որ Սադոյանը մղոններով հեռու է դիվանագիտությունից. մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է:
Պարզվում է՝ պատգամավորական գործունեության տասը երկարուձիգ տարիների ընթացքում՝ 2007-2017թվականներին, Ռուբեն Սադոյանն ԱԺ-ում այդպես էլ չի արտաբերել որեւէ հնչյուն, չի մոտեցել խորհրդարանական ամբիոնին, ելույթ չի ունեցել, հարց չի տվել, էլ ուր մնաց՝ ինքնուրույն որեւէ նախագիծ հեղինակեր: Կարճ ասած, նա եղել է ընդամենը կոճակ սեղմող:
Ու հիմա Սերժ Սարգսյանը այդ մարդուն որպես դեսպան գործուղում է Վրաստան՝ մի երկիր, որը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Վրաստանը մեր անմիջական հարեւանն է, միակ քրիստոնյա հարեւանը: Այս երկրով են անցնում Հայաստանի բոլոր ցամաքային ճանապարհները դեպի ՌԴ, դեպի Եվրոպա ու Միջին Ասիա. ասել է, թե քանի դեռ ՀՀ-ն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ, միմիայն Վրաստանի տարածքով է իրականացվելու Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:
Բացի այդ՝ Վրաստանում հայկական մեծ համայնք կա՝ իր խնդիրներով, կա Ջավախք, ջավախահայություն: Եւ տրամաբանությունը հուշում է, որ այդ երկիր որպես ՀՀ դեսպան պետք է պրոֆեսիոնալ դիվանագետ գործուղվեր: Մինչդեռ Ս. Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Վրաստանում ՀՀ դեսպանները եղել են դիվանագիտությունից հեռու անձինք: Ավելին՝ Սերժ Սարգսյանն օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանի պաշտոնին վերաբերվում է որպես նվերի, որը տալիս է՝ սրան-նրան գոհացնելու, սիրտը շահելու, անգործ չթողնելու համար: Ու թերեւս հենց սրանով են պայմանավորված արտաքին ճակատում Հայաստանի շարունակական պարտությունները:
Ի դեպ, Վրաստանի դեսպանի պաշտոնում Սադոյանի նշանակման մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր մոտ մեկ ամիս առաջ, եւ երբ մեկնաբանությունների համար զանգահարել էինք Սադոյանին, փորձել էր հերքել՝ ասելով, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ: Ու մնում է հուսալ, որ գոնե հիմա իրեն հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանն իր մասին նման հրամանագիր է ստորագրել:
Ի դեպ, տեսակետ կա, որ Սադոյանի փոխարեն իրական աշխատանքը տանելու է ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որը մեծ կապեր ունի Վրաստանում եւ իրապես կարող է հարց լուծել: Ու, ընդհանրապես, Սադոյանը Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին հայտնվեց հենց Բեգլարյանի միջնորդությամբ, քանի որ վերջինիս եղբոր սանիկն է: