Աբովյանի դիսպանսերում կրճատումների հետքերով. պատճառը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերի մի քանի աշխատակիցներ: Նրանք պատմեցին, որ դիսպանսերի արտաթոքային բաժինը միացնելով մեկ այլ բաժնի՝ մոտ 15 աշխատողի կրճատում են: Ի դեպ, նրանք նշեցին, որ կրճատման վերաբերյալ ծանուցումները դիսպանսերի տնօրինությունից ստացել են այս տարվա օգոստոսին:

Խնդրի առնչությամբ «ժողովուրդ»-ը զրուցեց դիսպանսերի տնօրեն Արմեն Հայրապետյանի հետ, ով անմիջապես հայտարարեց, որ արտաթոքային բաժինը չի վերացել, այլ միացել է վիրաբուժական բաժնին եւ դարձել ծառայություն: «Մենք արտաթոքային բաժինը միացրել ենք վիրաբուժական ծառայությանը, բայց դրանք իրենց տարածքով առանձին են եւ առանձին էլ գործում են:

Մենք քայլում ենք համահունչ այսօրվա վիճակին, որովհետեւ տուբերկուլյոզով հիվանդների քանակը տարիներ շարունակ քչանում են, հոսպիտալացումը՝ նույնպես: Այսինքն՝ մենք չենք կարող 10 տարվա, ենթադրենք, 400-500 հոգանոց անձնակազմը հիմա պահենք, այն դեպքում, երբ հիվանդանոցում 90 հիվանդ է՝ նախկին 300-ի փոխարեն»,- պարզաբանեց Արմեն Հայրապետյանը:

Նա զրույցի ընթացքում նկատեց, որ հիմնականում կրճատվել են տեխնիկական մասի աշխատողները եւ այն բուժքույրերը, որոնք մասնակցել են քննությանը, սակայն անբավարար գնահատական ստացել: «Այս հիվանդանոցում անգամ մահճակալների ծանրաբեռնվածությունն է իջել:

Այս փոփոխությունները սպասվում են նաեւ մյուս բաժիններում: Բայց այս տարվա օգոստոսին այն աշխատողներին, որոնք կրճատվելու են, ուղարկվել է ծանուցում: Ընդհանուր այսօրվա դրությամբ նախորդ տարիներից սկսած կրճատվել է մոտ 90 աշխատող: Կրճատված աշխատակիցների մեջ չկան բժիշկներ, մի քանի բուժքույրեր: Մենք բուժքույրերի համար մրցույթ էինք հայտարարել՝ լավագույններին պահելու նպատակով: Եվ մասնակցած բուժքույրերից մի քանիսը չկարողացան ապահովել մրցույթի պայմանները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ այսօր կրճատման տակ ընկած աշխատողները մնալու են իրենց աշխատանքին մինչեւ տարեվերջ: Մեր այն հարցին՝ ինչու տարեվերջ, դիսպանսերի տնօրենն ասաց. «Մենք պայմանագիր ենք կնքել մինչեւ տարեվերջ, քանի որ նոր տարվա նախահաշիվը չունենք, չի հաստատվել նաեւ աշխատակազմի կառուցվածքը: Բայց նշեմ, որ այս ամենի արդյունքում ոչ մի հիվանդ եւ ծառայություն չի տուժել»,- հավաստիացրեց տնօրեն Արմեն Հայրապետյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս