«Ժողովուրդ» օրաթերթը դատավորների շուրջ աղմկահարույց դեպքերի եւ դատական համակարգում առկա խնդիրների շուրջ զրուցեց դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ:
-Պարո՛ն Փոլանդյան, նկատեցինք, որ վերջին շրջանում մի քանի դատավորներ Էրեբունի վարչական շրջանի դատարանի ծանրաբեռնվածության պատճառով Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեցին Էրեբունու դատարան: Հիմա կալանավորների հարազատները բարձրաձայնում են հետեւյալ խնդրի մասին. այն գործերը որոնք, ենթադրենք, քննել է դատավոր Մակյանը, հիմա մակագրվել դատավոր Բեկթաշյանին: Եվ պետք է իրենց գործով մեկ ամիս առաջ վճիռ հրապարակվեր, բայց դատավորները դեռ պետք է նոր ծանոթանան իրենց գործին: Այսինքն՝ պետք է դեռ ամիսներով եւ տարիներով մնան կալանքի տակ, մինչեւ վճիռը հրապարակվի: Արդյո՞ք որեւէ դատավորի այս դատարանից այն դատարան տեղափոխելով՝ իրավիճակ է փոխվում:
-Խնդիրն իրոք մտահոգիչ է: Ես կիսում եմ Ձեր մտահոգությունը եւ այն անձանց մտահոգությունը, որոնց մասին Դուք խոսեցիք: Այսօր այլ տարբերակ, քան դատավորներին մեկ դատարանից մեկ այլ դատարան գործուղել, որպեսզի հավասարակշռությունը կարողանանք պահել, չունենք: Բայց դատական օրենսգրքի նախագիծը, որ այսօր դրված է շրջանառության մեջ, ամեն դեպքում Երեւանում նախատեսում է ունենալ մեկ ամբողջական ընդհանուր իրավասության դատարան: Եվ սա հնարավորություն է տալու՝ հավասարակշռելու բոլոր գործերը եւ դատավորներին հավասարաչափ գործեր բաժանելու: Եվ կածում եմ՝ այս նորամուծության ընդունմամբ, եթե դատական օրենսգիրքը այս խմբագրությամբ եւ այս տեսքով դառնա սահմանադրական օրենք, Ձեր բարձրացրած խնդիրը կլուծվի, ու բոլորի մտահոգությունները կփարատվեն:
-Դատավորների ավելացման հետ կապված ի՞նչ կասեք: Ներկա պահին դատավորների թվի ավելացում նախատեսվո՞ւմ է:
-Ցավոք սրտի, դատավորների ավելացման գործընթաց սկսված չէ: Եթե խոսքը Ձեր նշած 3 հոգու մասին է, որ վարչական վերաքննիչ դատարանում նախատեսվում է ավելացնել, դա մենք ավելացնում ենք՝ ի հաշիվ մյուս դատարանի: Նախատեսվում է վարչական դատարանի դատավորների թիվը նվազեցնել 3-ով եւ այդ 3 հաստիքը տեղափոխել վարչական վերաքննիչ դատարան, որովհետեւ այդտեղ օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջացել դատակազմ ավելացնելու: Բանն այն է, որ այսօր ստացված վարչական գործերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննության են նշանակվում՝ առաջին նիստը 2019թ.: Այդ պատճառով նախատեսվել է, որ վարչական դատարանի 3 դատավորների հաստիք կրճատել, բնականաբար, եթե Ազգային Ժողովն ընդունի այդ օրենքը, քանի որ այս պահին գտնվում է իրենց քննարկման տիրույթում: Եթե ընդունվի, ապա վարչական վերաքննիչ դատարանում կունենան 3-րդ դատական կազմը, որը կգա օգնության մյուս երկու կազմին, եւ քաղաքացիների կողմից բերված բողոքները կքննարկվեն ավելի սեղմ եւ շուտ ժամկետնեում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան