Կարագի և մսամթերքի շուկաներում առաջիկայում սպասվում է թանկացումների նոր ալիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ոչ միայն կարագի գինն է թռիչքաձեւ բարձրանում, այլեւ մսամթերքինը: Ավելին՝ ե՛ւ կարագի, ե՛ւ մսամթերքի շուկաներում առաջիկայում սպասվում է թանկացումների նոր ալիք: Պատճառը տոնական օրերն են, երբ հակառակի պես ամեն բան մեր հանրապետությունում էժանանալու փոխարեն կրկինակի կամ եռակի թանկանում է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ կարագի գինը սկսել է բարձրանալ անցած տարվանից: Իսկ վերջին մի քանի ամիսներին այն շեշտակի է թանկացել: Պաշտոնապես միայն հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, կարագը թանկացել է 14.6 տոկոսով: Ըստ մասնագետների՝ պատճառը միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներն են: Նոր Զելանդիայից արտահանող հիմնական ընկերությունների, այդ թվում նաեւ «Ֆոնտեռռա»-ի պաշտոնական տվյալներով` 2016 թվականի մայիսից 2017 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում կարագի միջազգային շուկայում արտահանման գները ավելի քան 130 տոկոսով աճել են: Մասնագետների կանխատեսմամբ` կարագի շուկայում գնային բարձրացումները կմնան մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիս:

Պաշոտանական վիճակագրությամբ` այս հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է կարագի 38.9 տոկոս գնաճ: Օրինակ՝ «Նոր զելանդական» տեսակի կարագի գինն աճել է 51.8 տոկոսով. այսինքն՝ եթե անցած տարվա հոկտեմբերին նշված կարագի գինը կազմել է 2800 դրամ, ապա այս հոկտեմբերին այն վաճառվել է 4255 դրամով: «Անքոր» տեսակի կարագը անցած տարվա հոկտեմբերին վաճառվել է 3000 դրամով, իսկ այս հոկտեմբերին` 4300-ով: Իսկ ահա «Վալիո» տեսակի կարագը 2016 թվականի հոկտեմբերին արժեր 4010 դրամ, իսկ այս հոկտեմբերին 5100 դրամով է վաճառվել: Կարճ ասած` առաջին անհրաժեշտության այս սննդատեսակը այնքան է թանկացել, որ մարդիկ սկսելու են շուտով իրար կարագ նվիրել:

Մյուս կարեւոր սննդատեսակը, որը վերջին ամիսներին նկատելի թանկացավ, միսն է: Ընդ որում, թանկացել եւ շարունակում է թանկանալ խոզի, գառան եւ տավարի միսը: Այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, տավարի եւ հորթի միսը թանկացել է 2.4, գառան, ոչխարի եւ այծի միսը` 5.9, իսկ խոզի միսը` 4.6 տոկոսով: Այս ոլորտի մասնագետների պնդմամբ` մսամթերքի գնի բարձրացման պատճառը անասնակերի թանկացումն է: Բանն այն է, որ երաշտի պատճառով խոտի քանակությունը նվազել է, ինչի հետեւանքով անասնակերի գինը 15-30 տոկոսով թանկացել է: Դա էլ իր հերթին բերել է մսի գնի բարձրացման: Բացի այս՝ մսամթերքի թանկացման մյուս պատճառը արտահանման ավելացումն է: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ընթացքում ՀՀ-ից մեծ քանակությամբ միս է արտահանվել, ինչն էլ այս շուկայում հանգեցրել է մսամթերքի գների բարձրացման:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս