Նժդեհին միշտ էլ հերոսացնելու ենք. Գալուստ Սահակյանի արձագանքը` ռուսական հեռուստաալիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ի երեկոյան ռուսական դաշնային «Звезда» հեռուստաալիքի «Прогнозы с Вероникой Крашенинниковой» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել է պաշտոնական Երեւանին ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու ցանկության համար՝ Հայաստանի ճանապարհը համեմատելով ուկրաինականի հետ:

Սակայն չսահմանափակվելով այդքանով՝ հաղորդավարուհին անդրադարձել է Գարեգին Նժդեհին, ապա իշխող ՀՀԿ-ին եւ վերջինիս խորհրդանիշը համեմատել Ադոլֆ Հիտլերի գլխավորած Ազգային սոցիալիստական աշխատանքային կուսակցության, ասել է, թե նացիստների զինանշանի հետ:

Նախ նկատենք, որ «Զվեզդա»-ն պատկանում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, իսկ հաղորդավարուհին՝ Վերոնիկա Կրաշեննիկովան, Ռուսաստանի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ է: Այլ կերպ ասած՝ «Զվեզդան» ՌԴ պաշտոնական տեսակետը ներկայացնող ռուսական հեռուստաալիքներից մեկն է:

Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի հետ կապված այսպիսի մի դեպք էր գրանցվել նաեւ նախորդ տարի, երբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել էր Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը եւ ընդգծել, թե Մոսկվան զարմացած է Երեւանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:

Հավելենք, որ ավելի ուշ հաղորդման տեսանյութը ջնջվել էր համացանցից:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, ռուսական դաշնային հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, որի ժամանակ նաեւ քննադատել է Գարեգին Նժդեհին եւ Ձեր կուսակցությանը:

-Այդպիսի քննադատությունը նոր չէ, նախկինում էլ է եղել: Վերջին հաշվով լրագրողներ են, ովքեր որոշակի ոչինչ չներկայացնող փաստեր են ներկայացնում: Նժդեհն ինքը գրականագետ է, բարձր գրականագետ, ազգասեր, ազգագրագետ: Նժդեհին տեսնում եմ միայն որպես զորավար:

Բազմակարող, բազմիմաստ անձնավորություն է, եւ որեւէ մեկը, եթե Նժդեհից էր խոսում, դա ինչ-որ չափով ազդում էր մեզ վրա, բայց մենք արդեն սովորել ենք: Մենք դեռեւս 90-ական թվականներից առաջ Նժդեհով մտանք քաղաքականության մեջ: Մեր Նժդեհի գաղափարախոսությունը, բնականաբար, նաեւ կիսում ենք:

-Այդ հաղորդման ժամանակ նշվում է, թե ՀՀԿ-ի խորհրդանիշը նման է Ադոլֆ Հիտլերի գլխավորած Ազգային սոցիալիստական աշխատանքային կուսակցության զինանշանին:

-Գիտեք՝ դրանք բոլորը հիմար երեւույթներ են, որովհետեւ Նժդեհն ինքն իր կարողություններով նաեւ պայքարել է նաեւ գերմանացիների դեմ, նաեւ կյանքի վերջում սովետական զինված ուժերին դիմեց, որպեսզի որոշակի գործողություններ կատարվեն Թուրքիայի համար: Այնպես որ որեւէ բան չի կարող կպչել Նժդեհին:

Իհարկե, մենք վատ ենք զգում, բայց դա այդպես քաղաքականության մեջ անհիմն, պատահական մի երեւույթ ենք համարում: Խորհրդանիշը մեր քաղաքական անցյալի, պատմության մեր խորհրդանիշներից մեկն է, եւ մենք այդ խորհրդանիշով ենք մտել եւ դարձրել ենք մեր կուսակցության հիմնական խորհրդանիշը: Դա որեւէ այլ կուսակցության, դա լինի գերմանական կամ որեւէ այլ երկրի, որեւէ մեկի հետ դա երբեք չի առնչվում: Գոնե պետք է ռուսները մտածեն, որ հայերը, ըստ էության, իրենց նպատակադրումների մեջ դրական հարաբերություններ ունեն այլ ազգերի նկատմամբ: Այնպես որ, ֆաշիզմի հետ կապել մեզ, դա անհիմն հերյուրանք է:

-Սակայն առաջին անգամը չէ, երբ ռուսական կողմից նման արձագանք է լինում: Նախորդ անգամ էլ եղավ Երեւանում՝ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման ժամանակ, այն էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից:

-Հասկանալի է, լրագրողներ են, աշխատում են, եւ չեմ էլ մտածում, որ դա Ռուսաստանի պետության խնդիրն է: Դա առանձին մարդկանց ինչ-որ խնդիրներ են, որոնց մենք պատասխանում ենք: Դուք անընդհատ ասում եք՝ ռազմավարական, դուրս է գալիս՝ Ռուսաստանի իշխանություններն են անում:

Մենք անընդհատ խոսում ենք ռազմավարական գործընկերության մասին, սակայն մենք անընդհատ մեր քաղաքականությունն առաջ ենք տանում, հիմա այն խնդիրները, որոնք կապված են մեր հարեւանների, մասնավորապես ՌԴ-ի հետ, փորձում ենք լուծումներ տալ:

Իսկ ինչ վերաբերում է Նժդեհի արձանի տեղադրմանը, ապա մենք միշտ էլ հերոսացնելու ենք Նժդեհին, նա մեր գաղափարախոսն է, նա բարձր կարգի որակավորում ունեցող անհատ է, շատ լավ պատկերացնում է մեր ազգի ճակատագիրը, մեր ազգի ըմբռնումները, եւ մենք գնում ենք այն Հայաստան, որը, ըստ էության, կարողացել է ներկայացնել Նժդեհը, իսկ այդ Հայաստանը որեւէ պետության նկատմամբ թշնամանք չի կարող ունենալ:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս