ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանի անորոշ ապագան. ինչ է ակնարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի: Ա՛յ, երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ», – ահա, այսպես է Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում պատասխանել «Ազատության» թղթակցի՝ «2018-ից հետո ինչպե՞ս եք Դուք պատկերացնում, որտե՞ղ եք լինելու՝ մնալու եք ղեկավա՞ր Հայաստանի» հարցին:

Վերջերս ավելի հաճախակի են դարձել Սերժ Սարգսյանին ուղղված նույնաբովանդակ հարցերը, եւ հաճախակի են դարձել նաեւ նրա նույնաբովանդակ, ոչինչ չասող անորոշ պատասխանները:

Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը երեք տարի առաջ՝ 2014 թվականի գարնանը սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման գործընթացի մեկնարկը ազդարարելիս, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե 2018 թվականի ապրիլի 9-ից՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, չի հավակնում ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի պաշտոնին: Սակայն այժմ նա խուսափում է իր նախկին հայտարարությունը կրկնելուց, ընդհակառակը՝ տարեցտարի նա փորձում է «փոշմանելու» ուղիներ հնարել:

Օրինակ՝ վարչապետ կամ ԱԺ նախագահի պաշտոնը չզբաղեցնելու խոստումից հետո՝ 2015 թվականին, պատասխանելով հայաստանյան հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին եւ անդրադառնալով իր ապագային վերաբերող հարցին՝ նա ասել էր. «Իսկ դրա մասին, ես կարծում եմ, կխոսենք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Հիմա շատ վաղ է այդ մասին խոսել»:

Մեկ այլ լրագրողի՝ «Հիմա հրաժարվո՞ւմ եք Ձեր խոսքերից, որ չեք պատրաստվում դառնալ վարչապետ, նախագահ եւ ԱԺ նախագահ», նա արձագանքել էր. «Ո՛չ, ես իմ խոսքերից, չասեմ երբեք, չեմ հրաժարվել, բայց հիմնականում, լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ, ոչ մի բանից չեմ հրաժարվում: Ես ուղղակի չեմ ուզում լավ գործը, սկզբունքային գործը խառնալ մեկ այլ գործի հետ: Սա է իմ ամբողջ նպատակը, որեւէ բանից չեմ հրաժարվում»:

Սարգսյանի այս խոսքերից հետո այլ հայտարարություններ եւս հնչել են, սակայն, թերեւս, անդրադառնանք արդեն 2017 թվականին հնչած խոսքերին: Մասնավորապես մարտի 25-ին, երբ Հայաստանի խորհրդարանի նախընտրական շրջանում այցելել էր Արցախ ու ելույթ էր ունենում զինուժի առաջ, նա ոչ միայն խոսում էր Հայաստանի այնպիսի գերագույն գլխավոր հրամանատարի մասին, որը չի վարանի տալ «Իսկանդերի» կոճակը սեղմելու հրաման կամ չի վարանի այդ կոճակը սեղմել անհրաժեշտության դեպքում, այլ նաեւ հայտարարում էր, որ իր քաղաքական կարիերայի ամբողջ ընթացքում երբեք չի պլանավորել ուր լինելը եւ ինչ անելը, սակայն միշտ եղել է այնտեղ, որտեղ ամենից անհրաժեշտ է անվտանգության հարցերի տեսանկյունից:

Արդեն հուլիսի 16-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը հաղորդավար Սաթիկ Սեյրանյանի հարցին՝ «Դուք ցանկանո՞ւմ եք լինել վարչապետ 2018թ.» Սերժ Սարգսյանը պատասխանել էր. «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, եւ դա ես ասել եմ անկեղծորեն, առանց որեւէ բան պահելու. ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը։ Եվ նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռեւս հսկայական ժամանակ կա։ Իսկ ի՞նչ էական է դա։ Արդյոք էակա՞ն է։ Էական չի, չէ՞»:

Մի խոսքով, եթե Սերժ Սարգսյանը սկսել է անորոշությամբ պարուրել իր քաղաքական ապագան, ապա նշանակում է՝ նա արդեն իսկ կողմնորոշվել է եւ չի ցանկանում իշխանության ղեկավարը լինելուց հրաժարվել, պարզապես չի ցանկանում այդ մասին հայտարարել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։




Լրահոս