Մոսկվայի խանութներից մեկում ադրբեջանցիները պահանջել են դարակներից վերացնել թթի դոշաբը: Նրանց դուր չի եկել, որ պիտակի վրա «Արցախ» է գրված:
Մոսկվայի խանութներից մեկում աղմկահարույց պատմություն է ծավալվել հայկական արտադրության դոշաբի պատճառով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է «Արցախ ֆրուտ» ընկերության ղեկավար Արմեն Ծատրյանը:
Մոսկվայի սուպերմարկետներից մեկում օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիներ պահանջել են, որ դարակներից հեռացնեն դոշաբը: Պատճառը պիտակի վրա գրված «Արցախ» բառն է եղել:
Տեղի ունեցածի մասին Ծատրյանն իմացել է մամուլից: Խանութի տերերը (ինչպես այս, այնպես էլ այլ խանութների) նրան չեն անհանգստացրել և չեն խնդրել պիտակը փոխել:
«Մեր ապրանքը վաճառվում է Մոսկվայի խոշոր սուպերմարկետներում։ Տասնյակ ազգերի մարդիկ են մտնում այնտեղ, բայց նման միջադեպեր միայն ադրբեջանցիներն են հրահրում», — նկատել է նա:
Ծատրյանը նշեց, որ անցյալ տարի ևս բախվել են նման խնդրի:
«Բայց սա դեռ ոչինչ: Մեր կայքն են նույնիսկ կոտրել, ֆեյսբուքյան էջը: Վերականգնեցինք, իհարկե, բայց մեր ընկերությունը փոքր է, կայքը լավ պաշտպանել չենք կարող: Իսկ Ադրբեջանում հայկական կայքերը գրոհելու համար հաքերների մի ամբողջ բանակ է աշխատում», — ասել է Ծատրյանը:
Ադրբեջանցիները հազարավոր դոլարներ ծախսելով` փորձում են հայկական դոշաբի «համը հանել», այնինչ միայն գինն են բարձրացնում։
«Դե, ինչ ասեմ… հակագովազդը նույնպես գովազդ է», — ժպտաց նա: