Ինչո՞ւ է Լոռին մշտապես ամենաաղքատ մարզերից մեկը մնում. մարզպետի մեկնաբանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզը, պաշտոնական տվյալներով, շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ տարածաշրջանը` 45.5 տոկոս, իսկ երկրորդը Լոռու մարզն է` 35.8 տոկոս: «Ժողովուրդ»-ը փորձեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից պարզել, թե ինչու է մարզը մշտապես ամենաաղքատներից մեկը:

-Պարո՛ն Նալբանդյան, Լոռու մարզը աղքատության ցուցանիշով Հայաստանում երկրորդն է: Այս տարիների ընթացքում մարզում աղքատության ցուցանիշն ինչո՞ւ չի նվազում:

-Աղքատության ցուցանիշը բոլորիս է մտահոգում: Այս առումով պետք է ասեմ, որ շատ քիչ դրական տենդենց կա. մոտ մեկուկես տոկոսով այն նվազել է: Բայց այդ մեկուկես տոկոսը մեզ չի գոհացնում: Կառավարությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում, որովհետեւ գիտակցում ենք` որպեսզի աղքատության ցուցանիշների տոկոսները նվազեն, պետք է աշխատատեղեր կարողանանք ստեղծել:

Ի՞նչն է խանգարում, որ աշխատատեղեր չեն ստեղծվել:

-Հիմնականում ներդրումային ծրագրեր չկային: Բայց մենք հիմա լուրջ ներդրումային ծրագրեր ունենք: Միայն մեկ օրինակ բերեմ. Իրանից ունենք ներդրող, ով արդեն շինարարական աշխատանքներ է սկսել եւ առաջին փուլում 100 մլն դոլարի ներդրում է կատարելու, եւ Վանաձորում 2018 թվականին կստեղծվի 400 աշխատատեղ: Սա, բնականաբար, փոքր-ինչ կնվազեցնի աղքատության ցուցանիշը, բայց դրանով մենք կանգ չենք առնում:

Հ. Գ. Եթե Հայաստանի իշխանությունների՝ գոնե վերջին երկու տասնամյակում հայտարարած ծրագրերի կեսն էլ իրականացված լինեին, ապա մեր երկիրը վաղուց ամենազարգացող երկրների ցանկում կլիներ: Իրականությունն այն է, որ իշխանական վերնախավը մշտապես խոստանում է, թե հեսա-հեսա կշտկեն, սակայն տարիներն անցնում են, իսկ սոցիալ-տնտեսական վիճակը չի փոխվում:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս