Հանրապետականների պահվածքից տպավորություն է, թե իշխող կուսակցության ներսում «քաստինգ են հայտարարել»` ո՞վ ավելի անհեթեթ հայտարարություն կանի, հատկապես սոցիալ-տնտեսական թեմաներով: Հերթական հայտարարությունը հնչեցրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Ռուզաննա Մուրադյանը, երբ խոսելով ամանորյա գնաճի մասին` ասել է. «Ճիշտ է` Ամանորին ինչ-որ գնաճ լինում է, սակայն ես մասնագետ չեմ տնտեսագիտության, որ վերլուծեմ։ Պետք է չմոռանալ, որ կան ապրանքներ, որոնց գինն իջնում է»:
Այս տրամաբանությամբ, փաստորեն, կարագի գնի թանկացումներից պետք չէ մտահոգվել, որովհետեւ մյուս կողմից որոշ խանութներում այս օրերին էժանացել են յոգուրտները, հատկապես որոնց պիտանելիության ժամկետն ավարտին մոտ է, եւ հիմա մեծ զեղչեր են հայտարարված: Էժանացել է նաեւ մակարոնեղենը, անգամ որոշ տեսակների դեպքում զեղչեր են հայտարարված: Ու հետո, ինչպես կասեր ՀՀԿ մտքի տիտաններից Գալուստ Գրիգորիչը. «…մի մտածեք, որ հայ ժողովուրդը կարագ չուտելով պիտի կործանվի»: Իսկ ՀՀԿ մտքի մեկ այլ տիտան խորհուրդ էր տալիս կարտոֆիլ ուտել, այնպես որ` մակարոնի հետ լավ ուտեստ կդառնա:
Նույն տրամաբանությամբ պետք չի մտահոգվել նաեւ մսի թանկացումներից, որովհետեւ փոխարենը նվազել են բանանի կամ նարնջի գները, ու բացի այդ` վիտամինների պարունակությամբ բանանը չի զիջում մսին, կա կարծիք նույնիսկ, որ բանանը լիարժեք փոխարինում է մսին: Պարզվում է` իջել են կենցաղային տեխնիկայի որոշ տեսակների, օրինակ` փոշեկուլների կամ լվացքի մեքենաների գները, կամ էժանացել են ավտոպահեստամասերը:
Այնպես որ, համաձայնեք, հիասքանչ է ասված, կարկառուն ՀՀԿ-ականին վայել տրամաբանությամբ: Բայց պատկերն ավելի ամբողջական կլիներ, եթե ՀՀԿ-ական տիկին Մուրադյանը հայտնի անեկդոտի նման հիշատակեր լուցկին, որ արդեն քսան-քսանհինգ տարի նույնն գինն է` ընդամենը 10 դրամ, տուփով գնելու դեպքում` 7 դրամ: Հայտնի պատմությունը հավանաբար հիշում եք. գերշահույթներ ստանալու համար` նախագահը հանձնարարում է թանկացնել բոլոր ապրանքները` բացի լուցկուց: Իսկ վարչապետի զարմացական հարցին` ինչո՞ւ լուցկին չթանկացնենք, պատասխանում է. «Դե, երբ ժողովուրդը բողոքի, ասի` ամեն ինչ թանկացրել եք, մենք էլ կասենք, թե, օրինակ, լուցկու գինը մնացել է նույնը»: