Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը սնանկանում է, մյուսը՝ բարգավաճում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունն ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանի կաթնամթերքի շուկայի ամենախոշոր խաղացողներից էր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկից տեղեկացավ, որ, օրինակ, անցած տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով «Աշտարակ կաթ»-ը պետական բյուջե վճարել 372 մլն 832 հազար դրամի հարկեր եւ տուրքեր: Իսկ այս տարի այդ ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակից բացակայում է:

Ինչպես հայտնի է` երբեմնի խոշոր հարկատու «Աշտարակ կաթ»-ը անցած տարվա դեկտեմբերի 19-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Իսկ այժմ խանութներում վաճառվող «Աշտարակ կաթ» ապրանքանիշն արտադրվում է Արցախում հաշվառված ընկերության կողմից: Խոսքը «Ադրա Ռեմարա» ընկերության մասին է: Նշենք, որ այժմ «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով «Անդրա Ռեմարա» ընկերությունը իրականացնում է «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագիրը: Ի դեպ, «Պարգեւ» ընկերությունը «Աշտարակ կաթ»-ի խոշոր պարտատերերից մեկն է:

Մյուս կողմից «Աշտարակ կաթ» ընկերության` այս տարվա ընթացքում ունեցած ֆինանսական դժվարությունները նպաստեցին, որպեսզի կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող հայաստանյան մյուս ընկերությունները ոչ միայն հայտնվեն հազար խոշոր հարկատուների ցանկում, այլեւ ավելացնեն հարկային վճարումները: Դրանցից, օրինակ, «Դուստր Մարիաննա» ընկերությունը, որն այժմ համարվում է կաթնամթերքի շուկայի առաջատարը, այս տարվա երրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել 938 մլն 869 հազար դրամ հարկեր ու տուրքեր: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն ընկերությունը վճարել էր 523 մլն 983 հազար դրամի հարկեր:

Այսինքն` մեկ տարվա ընթացքում այս ընկերության վճարած հարկերն ավելացել են 414 մլն 886 հազար դրամով: Կաթնամթերքի, պանրի արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունը՝ «Իգիթ»-ը, անցած տարվա երրորդ եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ չէր գտել, իսկ այս տարի արդեն ցանկում է եւ վճարել է 111 մլն 452 հազար դրամ հարկեր: Իսկ ինչ վերաբերում է կաթնամթերք արտադրող մեկ այլ ընկերության՝ «Չանախ»-ին, վերջինս այս տարի 1 մլն 211 հազար դրամով ավելի քիչ հարկ է վճարել, քան անցած տարի: «Չանախ»-ն այս տարի պետբյուջե է վճարել 122 մլն 912 հազար դրամ հարկեր եւ տուրքեր:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս