Ամփոփվեց «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամփոփվեց Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի և PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում», ծրագրի մասնակիցների կատարած լուսանկարների ցուցահանդեսը և հաղթող մասնակիցների պարգևատրումը։

Գնահատող հանձնաժողովի կողմից նախապես ընտրված 5 հաղթողները պարգևատրվեցին դյուրակիր համակարգիչներով։

Բացի այդ, ցուցահանդեսին հրավիրված Ծրագրի գործընկերները և թիրախավորված 5 համայնքապետարանների ներկայացուցիչները ցուցադրված 50 նկարներից փակ քվեարկությամբ ընտրեցին լավագույն 5-ը:  Այս նկարների հեղինակներին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանը նվիրեց ընկերության նոր արտադրանքը՝ EcoPad բազմակի օգտագործման նոթատետրերը:

«Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին նման գեղեցիկ և արդյունավետ համագործակցության համար։ Կարծում եմ, այս ծրագիրը շատ օգտակար էր մեր մասնակիցների համար, և նրանք հասցրեցին շատ բան սովորել։ Կարևոր է, որ մեր երիտասարդները հասկացան, թե ինչպես կարելի է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ լուծել ամենօրյա խնդիրներն ու բոլորի կյանքը փոխել դեպի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ի աջակցությամբ իրականացված ևս մեկ հաջողված ծրագիր մոտեցավ  իր ավարտին: Երեք մարզերի 5 համայնքներից ընտրված պատանիները Ծրագրի ընթացքում մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, ձեռք են բերել PicstArt հավելվածով աշխատելու հմտություններ, ինչպես նաև կարողացել են 321 նկարների միջոցով բարձրաձայնել իրենց համայնքների խնդիրները և առաջարկել են այդ խնդիրների լուծումները», – նշեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարել են իրենց համայնքների խնդիրները և PicsArt հավելվածի միջոցով պատկերել են այդ խնդիրների լուծումները: Ծրագրի արդյունքում հնարավոր եղավ զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտությունները, ինչպես նաև հասցեագրել համայնքներում առկա խնդիրները:




Լրահոս