ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
2017թ. դեկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի շենքերից մեկի մուտքում դիմակավորված երկու անձ դանակի սպառնալիքով բնակչից հափշտակել են «Այֆոն 6Ս» տեսակի բջջային հեռախոսը, կանխիկ գումար, դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, բանկային քարտեր և այլ փաստաթղթեր:
Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, կատարվել դեպքի վայրի զննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: