ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ են ապահովագրական ընկերությունները կամայական վերաբերմունք դրսևորում հիվանդների հանդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է 2017 թվականը ամփոփել ըստ գերատեսչությունների: Այս անգամ անցնող տարին «Ժողովուրդ»-ը ամփոփեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:

-Պարո՛ն Ալթունյան, Ձեր առաջ խնդիր էր դրված մինչեւ տարեվերջ էլեկտրոնային առողջապահական կառավարումը դարձնել իրականություն:

Մինչդեռ հիմա փաստը ցույց է տալիս, որ նույնիսկ հիվանդանոցներ կան, որոնք անգամ համակարգիչ չունեն, ու էլեկտրոնային առողջապահական կառավարման մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Արդյո՞ք բուժհաստատությունները կհասցնեն այս մի քանի օրերի ընթացքում համակարգիչ ձեռք բերել:

-Համաձայն չեմ Ձեզ հետ: Այսօր պետպատվերը 100 տոկոսով բաշխվում է էլեկտրոնային առողջապահության համակարգով: Դա նշանակում է, որ էլեկտրոնային առողջապահական համակարգը ներդրված է բուժհաստատություններում, որոնք պետպատվերի ծառայություններ են մատուցում:

Այսօր բժիշկներն իրենց կատարած գործառույթները ամեն օրվա հաշվարկով ուղարկում են իրենց բուժհաստատությունների օպերատորներին, վերջիններս էլ մուտքագրում են, եւ մենք 5 օրվա ընթացքում ունենում ենք այդ փոստարարության ամբողջ աշխատանքը:

-Պարո՛ն Ալթունյան, մարզային բուժհաստատություններ կան, որոնք չունեն համակարգիչ…

-Բացառապես բոլոր բուժհաստատությունները գոնե մեկական համակարգիչ ունեն, որի վրա աշխատում են…

-Արդյոք մեկ համակարգիչը բավարա՞ր է…

-Հակառակ դեպքում իրենք ուղղակի ֆինանսավորում չեն ստանա: Իսկ ֆինանսավորումը ձեւավորվում է այն հաշիվների հիման վրա, որոնք մենք ստանում ենք էլեկտրոնային առողջապահական համակարգով:

Երկրորդ փուլը շատ ավելի ծանր է: Եթե մենք առաջին փուլով լուծեցինք 400-ից ավելի բուժհիմնարկների հարց, ապա երկրորդ փուլով մենք պետք է լուծենք շուրջ 30 հազար օգտատերերի հարց, որից 16000-ը բուժաշխատողներն են, իսկ մյուս մասը` դեղատներն են, ապահովագրական ընկերություններն են եւ հարակից ծառայություններ մատուցողների աշխատակիցներն են:

Նրանցից 25-30 տոկոսը 45-50 անց անձինք են, որոնց համար դժվար կլինի համակարգչի վրա աշխատել: Այս նպատակով ստեղծվել են աշխատանքային տասից ավելի հատուկ շրջիկ խմբեր, որոնք կպտտվեն եւ թրեյնինգներ կմատուցեն:

-Սոցփաթեթի շահառուների բուժսպասարկումը մտավ ապահովագրական դաշտ, որպեսզի դժգոհություն չառաջանա մարդկանց մոտ:

Բայց իրականում ապահովագրական ընկերությունները շարունակում են կամայական վերաբերմունք դրսեւորել հիվանդների նկատմամբ, խաբում են քաղաքացիներին, ու ըստ էության պետության գումարները կորչում են, մարդիկ չեն բուժվում, իսկ ապահովագրական ընկերությունները հարստանում են: Այս իրավիճակը Ձեզ չի՞ մտահոգում:

-Եկեք թվերով խոսենք. այսօրվա հաշվարկով սոցշահառուները ՀՀ տարածքում հանդիսանում են մինչեւ 100 հազար անձ: Ծրագրի գործողության առաջին երկու ամսվա ընթացքում 31 հազար առողջապահական դեպք սպասարկված է ապահովագրական ընկերությունների կողմից:

Նախարարությունում երկու ամիս է` գործում է շուրջօրյա թեժ գիծ` զանգերը գրանցող համակարգով: 31 հազար սպասարկված դեպքից մենք ունենք մոտ 2300 հեռախոսազանգ, որից սպասարկման որակի վերաբերյալ բողոքները 11-ն են, ապահովագրականներին կցագրելու հարցով բողոքները` զանգերը, մինչեւ 40-ն են:

Այսինքն` մարդկանց պարտադրում են, որ մեկ ապահովագրականի կցագրվեն: Մյուս բոլոր զանգերը իրազեկման են: 31 հազար դեպք սպասարկելուց դեռ ոչ մի դեպք չի եղել, երբ ասվել է` գումարները վերջացրել է, ձեզ հերթագրենք մեկ այլ ամսին:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

 Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս